.jpg)
Ո՞վ է պատասխանատու Ճոճկանի հին պոչամբարի վիճակի համար
Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր քննարկում` նվիրված Լոռու մարզում իրականացվող բնապահպանական քաղաքականությանը:
Քննարկմանը մասնակցում էին բնապահպաններ, փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Քննարկումը շարունակությունն էր նախօրեին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջան մի խումբ լրագրողների այցի, որտեղ Ճոճկան գյուղում նրանք ծանոթացել էին «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային կատկանող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» պոչամբարին:
Նշենք, որ լրագրողները չէին կարողացել հանդիել կոմբինատի պատասխանատուների հետ` չնայած, որ հանդիպման շուրջ պայմանավորվածությունը նախօրոք էր ձեռք բերվել:
Էկոլոգները Ճոճկանի պոչամբարի, ընդհանրապես Ախթալայի խնդրով խիստ մտահոգված են, շեշտեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Բնապահպանը նշեց, որ Ճոճկան գյուղի պոչամաբրի շրջակայքում մարդիկ հանգստանում են, տարածքում արածում են գյուղի կենդանիները:
«Պոչամբարում 22 մլն տոննա թունավոր նյութեր կան, իսկ դրենաժային համակարգը շատ վատ վիճակում է»,- ընդգծեց Ի. Զարաֆյանը` հավելելով, որ պոչամբարը ոչ թե փոս տեղում է, այլ կարող է թափվել ներքև, որտեղ հանրապետական նշանակության օբյեկտներ են` ճանապարհ, սահման, միջազգային ճանապարհ, երկաթգիծ:
Անհարժեշտություն կա, որպեսզի կարգի բերվի Ճոճկանի հին պոչամբարը, և ըստ Ինգա Զարաֆյանի` ոչ ոք պատասխանատվություն չի ուզում վերցնել. «Չենք լսել, որ ինչ-որ մեկն ասի` մենք ենք պատասխանատու»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ պետք է նոր պոչամբար կառուցվի, Ի. Զարաֆյանը հույս հայտնեց, որ, գուցե, հին պոչամբարն էլ կարգի բերվի. «Ինչպե՞ս կարելի է նոր պոչամբար կառուցել առանց տեղեկատվություն տրամադրելու, առանց հասարակական լսումների»,- հարցրեց բնապահպանը: