.jpg)
Կոմիտասի 5 ա շենքի դիմաց շենք կառուցելը` «բացառվում է»
Կոմիտասի 5ա շենքի բնակչուհի տիկին Գալիան, ով ահազանգել էր Aysor-ին, հայտնեց, որ իրենց շենքի դիմաց ցանկանում են հատել ծառերը, տեղափոխել ենթակայանը, փոխարենը 13 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել:
Տկն. Գայլան, նկարագրելով ստեղծված իրավիճակը, հայտնեց, որ հնարավոր շենքի կառուցման մասին իրենց տեղեկացրել են շենքը կառուցել ցանկացողները, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում, ովքեր ոչ միայն ահազանգել են Ոստիկանություն, այլև բողոք-նամակներ գրել մի շարք կառույցների, այդ թվում` ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին, Կառավարությանը, ՀՀ նախագահի աշխատակազմին:
«Այնտեղ ոչ մի ծառահատում չկա, փաստն այն է, որ բնակիչներին ինչ-որ մեկն ասել է, թե այդ վայրում շենք պետք է կառուցվի, բնակիչները մտավախություն են ունեցել և սկսել են համապատասխան կառույցներին դիմումներ գրել»,- հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, ով տեղեկացրեց նաև, որ նախարարի հանձնարարականով նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգայց է կատարել:
Բնապահպանական պետական տեսչության Երևանի մասնաճյուղի պետ Ռոմիկ Մանգասարյանը Aysor-ին հայտնեց, որ ստույգայցի ընթացքում և ոչ մի ծառհաման դեպք չի գրանցվել, փոխարենը, ըստ նրա` «պարզվել է, որ ոմանք այդտեղ ավտոտնակ կառուցելու ցանկություն են ունեցել, բայց այժմ տարածքը նախարարության ու Ոստիկանության հսկողության տակ է, այնպես որ այդտեղ ոչինչ չի արվի»: Նա նշեց նաև, որ բնակիչներին տվել են իրենց կոորդինատները` նմանօրինակ դեպքի գրանցման ժամանակ իրենց տեղյակ պահելու համար:
«Քաղաքապետարանն արգելել է այդտեղ ինչ-որ բան կառուցել, այդ թաղամասի բնակիչներն էլ բոլորը ոտքի կանգնած են, այնպես որ նման բանը բացառված է»,- հավելեց Ռ. Մանգասարյանն ու ամփոփելով իր խոսքը` ընդգծեց. «Այնտեղ մի փոքր պուրակիկ կա, և ես էլ անձամբ թույլ չեմ տա, որ ինչ-որ բան լինի, այնպես որ, բացառվում է, թող բնակիչները հանգիստ լինեն»: