.jpg)
Հայաստանը պետք է դու՞րս գա ՀԱՊԿ-ից
«Մենք կհասկանայինք պայմանագրի ժամկետը մինչև 49 տարի երկարաձգումը, եթե Ռուսաստանը ճանաչած լիներ Արցախի անկախությունը, եթե դրանից Ադրբեջանը շատ լուրջ սպառնալիքներ հղեր Հայաստանին, և մենք կհասկանայինք, որ հենց այդ իրավիճակում է, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցին պաշտպանելու է այդ քայլի դիմաց սպասվելիք վտանգներից»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառանալով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրմանը:
Ս. Սաֆարյանի խոսքերով, քանի դեռ որևէ հստակեցում առկա չէ Արցախյան հակամարտության կապակցությամբ` «այս պայմանագրից դժգոհ կեցվածք ունեցեղներ Հայաստանում կլինեն»: Ըստ նրա` այս հանգամանքը թույլ է տալիս ասել, որ «տարիների ընթացքում Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը ոչ թե ամրապնդվում են, այլ` հասցվել է այն վիճակին, որ այսուհետ Հայաստանի հոգածության հնարավորությունների դաշտից այլևս դուրս է»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Ս-300 (S-300) տեսակի զենք վաճառելու մասին լուրերին` պատգամավորը հաստատեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որի համաձայն` գործարքն իրականացնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի ՀԱՊԿ անդամակցությունից:
«Եթե այդ վաճառքն ավարտին հասցվի, Հայաստանը պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, և ոչ միայն «Ժառանգությունը», այլև` յուրաքանչյուր քաղաքացի մտածելու խնդիր ունի` ինչպե՞ս պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, եթե ՀՀ ռազմավարական դաշնակիցը խախտել է ստատուս քվոն, այն է` ապահովել ռազմական ուժերի հավասարակշռությունը, ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ Հայաստանն է, որ պետք է հիմնական զսպողը լիներ ադրբեջանական ագրեսիայի և, ըստ էության, այդ գործարքի շնորհիվ արժեզրկվել է Հայաստանի հարցակողական արսենալը»,- մանրամասնեց Ս. Սաֆարյանն ու ամփոփելով իր խոսքը` շեշտեց. «Այդ գործարքից հետո ոչ միայն խնդիր է առաջանում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայման, այլև` բոլոր հարաբերությունների և բոլոր դաշնակից կոչվող երկրների»: