Ս.Լավրով. Հայաստանում ՌԴ ռազմաբազայի նպատակը չի փոխվել
28/08/2010 11:09

Ս.Լավրով. Հայաստանում ՌԴ ռազմաբազայի նպատակը չի փոխվել

Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին միջպետական արձանագրությունը չի փոխում ռազմաբազայի ոչ գործառույթները, ոչ զինծառայողների թվաքանակը, ոչ էլ այնտեղ գտնվող սպառազինության քանակը: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նշելով, որ արձանագրությունը երկարաձգում է ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով` Սերգեյ Լավրովը նշել է, որ այն «որևէ այլ բան չի փոխում»:

«Այն չի փոխում ոչ ռազմաբազայի գործառույթները, ոչ զինծառայողների թվաքանակը, ոչ էլ այնտեղ գտնվող սպառազինության քանակը: Այդ իսկ պատճառով որևէ փոփոխությունների մասին, որ այս արձանագրությունը կարող է անել տարածաշրջանում բալանսի առումով, խոսելու կարիք չկա», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ս.Լավրովն ընդգծել է, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի գլխավոր նպատակը Ռուսաստանի Դաշնության շահերի ապահովումն է:

«Այդ շահերի շրջանակներում, անշուշտ, ընդգրկված է նաև Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության ապահովումը: Այդ նպատակը ի սկզբանե դրված էր ռուսաստանյան ռազմաբազայի առջև, երբ համապատասխան փաստաթուղթ էր ստորագրվել: Այդ նպատակը որևէ կերպ չի փոխվել` պայմանագիրը հերթական 49 տարով երկարաձգելով», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
 

Ս.Լավրով. Հայաստանում ՌԴ ռազմաբազայի նպատակը չի փոխվել