Սփյուռքում կրթական ոլորտը ներդրումների կարիք ունի
28/08/2010 15:32

Սփյուռքում կրթական ոլորտը ներդրումների կարիք ունի

«Այսօր Սփյուռքում խիստ անհրաժեշտություն է զգացվում կրթական ոլորտի մեջ ներդրումներ կատարելու` ֆինանսական և մարդուժի, Սփյուռքի մեջ կրթական ոլորտն առողջացնելու ու զարգացնելու առումով»,- հայտնեց Բեյրութում գործող Հայ կաթողիկե պատրիարքարանի դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի տնօրեն Վարդան Թաշչյանը:

Վ. Թաշչյանի խոսքերով բազմաթիվ են Սփյուռքում կրթական խնդիրները, ու չնայած դրանցից շատերի ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում, բայց շատ հարցեր համակարգային լուծում են պահանջում:

«Կա մանկավարժների վերապատրաստման խնդիր, այս իմաստով մենք կարիք ունենք հայագիտական նյութեր դասավանդող որակյալ մանկավարժների»,- հայտնեց Վ. Թաշչյանն ու հավելեց, որ առ այսօր Սփյուռքում գոյություն չունի հայոց պատմություն առարկայի դասավանդման հայեցակարգ:

Ըստ նրա, եթե Հայաստանում հայոց պատմության դասընթացն անցկացվում է այնպես, որ հայ երեխաները կերտվեն` որպես Հայաստանի քաղաքացիներ, ապա Սփյուռքում չգիտեն, թե ինչ են կերտելու հայ երեխաներից:

«Նույն հարցը վերաբերում է նաև հայերենին, քանի որ հայերենն առ այսօր տեղադրված չէ Սփյուռքի հայ երեխաների ինքնակայացման գործընթացում»,- նշեց Վ. Թաշչյանն ու հավելեց. «Քանի որ Սփյուռքում հայերենը որևէ ձևով առնչություն չունի երեխայի հետագա կյանքի հետ, այդ պատճառով էլ շատերը խորը չեն գիտակցում, թե ինչո՞ւ պետք է հայերեն սովորեն»:
 

Սփյուռքում կրթական ոլորտը ներդրումների կարիք ունի