Վ. Թաշչյան. Ծանոթացնենք ոչ թե Ցեղասպանության, այլ` Հայաստանի հետ
28/08/2010 15:53

Վ. Թաշչյան. Ծանոթացնենք ոչ թե Ցեղասպանության, այլ` Հայաստանի հետ

«Մեր կենտրոնացումը Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա արդեն չի բավարարում մեզ, որովհետև դրա մեջ մենք օգուտներ չենք տեսնում»,- հայտնեց Բեյրութում գործող Հայ կաթողիկե պատրիարքարանի դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի տնօրեն Վարդան Թաշչյանը:

Բացատրելու համար իր տեսակետը` Վ. Թաշչյանը նշեց, որ Մերձավոր Արևելյան երկրներում շատ կազմակերպություններ ու անհատներ աշխատում են Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնելու ուղղությամբ, այդ աշխատանքը սկսվում է Ցեղասպանության փաստի հետ ծանոթացնելով, բայց ոչ մի տեղ չի ավարտվում: Սրա պատճառը, ըստ նրա, այն է, որ մոտ ապագայում անկարելի է, որ արաբական որևէ պետություն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Մերձավոր Արևելքի երկրները չեն փայլում իրենց ժողովրդավարական համակարգերով, հետևաբար այնքան էլ սպասելի չէ, որ ընտրությունների կամ հայկական ձայների սիրույն ինչ-որ քաղաքական գործիչների գնան Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հետևաբար` մեր ջանքերը կենտրոնացնելը միայն Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ` անիմաստ է»,- մանրամասնեց Վ. Թաշչյանը:

Փոխարենը` Վ. Թաշչյան առաջարկում է Մերձավոր Արևելքի երկրների ժողովուրդներին ծանոթացնել Հայաստանի, Հայաստանի տնտեսության, մշակույթի, ներդրումային հնարավորությունների և այլնի հետ: Նրա խոսքերով, այսպիսով` «ավելի դյուրին է մտնել իրականության մեջ ու գնալ դեպի պատմություն, քան հակառակը, երբ գալիս ենք պատմությունից ու արդյունքում` հայտնվում ենք մոլորվածի ու ցեղասպանվածի իրավիճակում»:

Վ. Թաշչյանը նշեց նաև, որ այժմ Ցեղասպանությունը շարունակվում է `հայկական ինքնությունը կորցնելով, և այդ ցեղասպանությունը կանխելու համար պետք է միջոցներ տրամադրվեն հայկական ինքությունը պահպանելու ու զարգացմանելու համար:

«Չգիտեմ, թե երբ հայրենադարձություն կլինի, բայց գիտեմ, որ գալու է մի օր, երբ մենք բոլորով հավաքվելու ենք մեր Հայաստանում, ու Հայասատանում` ներսում է, որ պետք է ավելի շատ լինենք, քան Սփյուռքում` դրսում»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Վ. Թաշչյանը:
 

Վ. Թաշչյան. Ծանոթացնենք ոչ թե Ցեղասպանության, այլ` Հայաստանի հետ