.jpg)
Ադրբեջանը դիվերսիոն գործողության հետևանքով 7 զոհ է տվել
«Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դեռ ավելին, դեպքերը ներկայացվում են գլխիվայր: Դիվերսիոն գործողության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել դեպի իր ելման դիրքերը»,- անդրադառնալով Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից՝ Չայլու գյուղի ուղղությամբ իրականացված հերթական դիվերսիոն գործողությանը՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ խոստովանել է, որ իրենց կողմից զոհեր են գրանցվել, սակայն նշել է որ զոհեր է գրանցել նաև հայկական կողմը:
«Մարտի ընթացքում, Ադրբեջանական բանակը նվազագույնը 7 զոհ և վիրավոր է տվել, որոնցից երկուսի անունն արդեն հայտնի է՝ Վուգար Ամիրով և Պարվին Աբդուլլաև: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմի կորստին, ապա պաշտպանական բանակի ուժերը մարտի ժամանակ 1 վիրավոր են տվել, ով այս պահին գգտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բարձրաստիճան զինվորականը:
Ս. Հասրաթյանի խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ չի նշում իրենց զոհերի և վիրավորների իրական թիվը, որոնք անհամեմատ շատ են, քան ներկայացված է նրանց պաշտոնական հաղորդագրության մեջ: