Փոխվարչապետն այցելեց Հրազդանի եւ Դիլիջանի դպրոցներ
01/09/2010 12:17

Փոխվարչապետն այցելեց Հրազդանի եւ Դիլիջանի դպրոցներ

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց, որտեղ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի հետ ներկա գտնվեց ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Փոխվարչապետը շնորհավորեց սաներին եւ մանկավարժներին` հատկապես ընդգծելով ավագ դպրոցի դերը հանրապետությունում իրականացվող կրթական բարեփոխումների, աշակերտների հետագա մասնագիտական կողմնորոշման աջակցման հարցերում:

Ինչպես հայտնեցին տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապի բաժնից, ուսումնական տարվա նորամուտի առիթով փոխվարչապետը եղավ նաեւ Դիլիջանի թիվ 6 դպրոցում. ներկա էին նաեւ մարզպետ Ա. Ղուլարյանը եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանը: Դպրոցն այս տարի աշակերտներին ներկայանում է նոր մարզադահլիճով, որը հիմնանորգվել է ՀՍՆՀ միջոցներով, իր 10 տոկոս մասնակցությունն է ունեցել նաեւ համայնքը:

Ա. Գեւորգյանը ընդգծեց մարզերում բարեկարգ եւ ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված դպրոցների առկայությունը` կարեւորելով նաեւ նմանատիպ նախագծերին համայնքների մասնակցությունը:

Դիլիջանի թիվ 6 դպրոցի հիմնական մասնաշենքը եւս վերանորոգման կարիք ունի ու ընդգրկված է ՀՍՆՀ-ի ծրագրում: ՀՍՆՀ գործադիր տնօրենը եւ Տավուշի մարզպետը փոխվարչապետի հետ քննարկեցին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համաֆինանսավորման հետ կապված հարցեր:
 

Փոխվարչապետն այցելեց Հրազդանի եւ Դիլիջանի դպրոցներ