.jpg)
Չորս իսրայելացի է սպանվել. Իսրայելն ու ՊԱԿ-ը դատապարտում են
Հորդանան գետի Արևմտյան ափին երեկ երեկոյան պաղեստինյան գրոհայինները սպանել են չորս իսրայելցի` ավտոմեքենայի վրա կրակահերթ արձակելով: Ռիա-Նովոստի գործակալության տեղեկացմամբ` այս մասին հայտնել է Իսրայելի «շտապ օգնության» ներկայացուցիչ Զաքի Խելեռը: Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել Քևրոն քաղաքի շրջակայքում` հրեական Կիրյաթ-Արբա բնակավայրի մոտ: Բոլոր սպանվածները մեկ ընտանիքի անդամներ էին:
Իսրայելական իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես տարածաշրջանային խաղաղ գործընթացի շարունակության կասեցման փորձ, խոստացել են պատժել մեղավորներին, միևնույն ժամանակ նաև հասկացրել, որ միջադեպը չի ազդելու բանակցային գործընթացի վրա:
«Սա դիվանագիտական գործընթացի վերսկսման ջանքերի նկատմամբ սաբոտաժի և Վաշինգտոնում բանակցությունների վերսկսման հնարավորությունների կասեցման փորձ է»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը: Նա հայտարարել է, որ Իսրայելի բանակն ու անվտանգության ծառայությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հայտնաբերեն մարդասպաններին:
«Իսրայելը թույլ չի տա ահաբեկիչներին գլուխ բարձրացնել: Մենք կստիպենք հատուցել և մարդասպաններին, և նրանց ուղարկողներին»,- հայտարարել է նա:
Իր հերթին տեղի ունեցածը դատապարտել է նաև Պաղեստինի Ազգային Վարչակազմի կառավարության ղեկավար Սալամ Ֆայադը: Նա ասել է, որ նման գործողությունները միտված են «Պաղեստինի ժողովրդի ազատության և օկուպացիային վերջ դնելու համար քաղաքական արդյունավետ գործընթացի նպատակով պաղեստինյան դիրքորոշման համալրման ուղղությամբ Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության ջանքերի դեմ»: Ֆայադը հայտատարել է, որ Քևրոնի մոտ տեղի ունեցածը հակասում է պաղեստինցիների ազգային շահերին:
«Մեր տեսլականը տարածաշրջանային և միջազգային մակարդակով ՊԱԿ-ի ղեկավարությամբ քաղաքական պայքարի և Պաղեստինի պետականության կառուցման ավարտի զուգակցում է, ինչպես նաև օկուպացիային ազգային դիմադրության ուժեղացումը` 1967 թվականի սահմանների մեջ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքում անկախ Պաղեստինի պետության նպատակով»,- ասված է Ֆայադի հայտարարության մեջ:
Վարչապետը կոչ է արել պաղեստինցիներին զգոն լինել և զերծ մնալ բռնություններից, որպեսզի «պաշտպանվի օկուպացիայի դեմ ժողովրդի խաղաղ դիմադրության ուղին»: Ըստ Ֆայադի, քանի որ հարձակումը տեղի է ունեցել Պաղեստինի իշխանությունների ենթակայության տակ գտնվող տարածքներում, վերջինները շարունակելու են կիրառել բոլոր միջոցները` նման միջադեպերի բացառելու համար` ակնկալելով, որ իսրայելական կողմը հնարավորություն կտա Պաղեստինի Ազգային վարչակազմին ստանձնել Հորդանանի Արևմտյան ափի անվտանգությունը: