Մինասի որմնանկարները շուտով կլինեն կառավարության շենքում
01/09/2010 15:29

Մինասի որմնանկարները շուտով կլինեն կառավարության շենքում

Մինչև նոյեմբերի 3-ը Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները վերկանգնված տարբերակով կլինեն ՀՀ կառավարության թիվ մեկ մասնաշենքում: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից 20 մլն դրամ է տրամադրվել Մինաս Ավետիսյանի վերոնշյալ որմնանկարների վերականգնման համար:

«Գումարն արդեն փոխանցվել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին, որն էլ իրականացնելու է վերականգնողական աշխատանքները: Դրանք կկատարվեն երեք փուլով. սեպտեմբերի 2-10-ը լինելու է որմնանկարների վերականգնման առաջին փուլը, երկրորդը կսկսվի սեպտեմբերի 26-ից, իսկ երրորդ փուլի աշխատանքները կլինեն հիմնականում Երևանում և մինչև նոյեմբերի 3-ը կտեղափոխվեն կառավարություն»,- ասաց Ս. Հարությունյանը` հավելելով, որ այժմ որմնանկարները գտնվում են Գյումրու էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում:

Հարությունյանն ընդգծեց, որ կառավարության աշխատակազմի հետ արդեն պայմանավորվածություն կա` շաբաթը 1 անգամ կազմակերպել բաց դռների օր, որպեսզի հասարակությունը կարողանա ազատ մուտք գործել` դիտելու որմնանկարները և առնչվել Մինասի աշխատանքներին:

«Այսօր մեր ընտրած իտալական տարբերակը վերականգնողական նյութերից լավն է: Կարելի է ասել, որ դրանք կմոտեցնեն բնօրինակին, իսկ երկարակեցության խնդիրը 100 տոկոսանոց չէ, սակայն լավագույնն է»,- իր հերթին ասաց ռեստավրատոր Արժանիկ Հովհաննիսյանը:

Մասնագետները նշեցին նաև, որ որմնանկարներ վերականգնելը շատ ծախսատար աշխատանք է, և այս պահին շտապ միջամտության կարիք ունեն ևս վեցը, որոնք գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
 

Մինասի որմնանկարները շուտով կլինեն կառավարության շենքում