.jpg)
«Գոլ` հանուն հայկական ֆուտբոլի»
Այսօր Երևանի ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ, որպես եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավար, շահագրգռված է, որպեսզի ֆուտբոլը զարգանա նաև Հայաստանում, ուստի շատ ուրախ է` տեսնելով, որ ակադեմիան արդեն հանձնվել է շահագործման և պատրաստ է ընդունելու այն երեխաներին, ովքեր ցանկանում են ֆուտբոլ խաղալ և հաճույք են ստանում այդ խաղից:
«Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ հնարավորություն ունեցա երրորդ անգամ ժամանել Հայաստան: 3 տարի առաջ ՖԻՖԱ-ի նախագահի հետ վերջին փոխանցումը կատարեցինք այստեղ, բայց վերջին փոխանցումն անպայման պետք է ավարտվի գոլով: Շնորհիվ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` այսօր մենք տեսնում ենք գոլը: Դա գոլ չէ` խփված Իռլանդիայի հավաքականի դարպասը, այլ գոլ է հանուն հայկական ֆուտբոլի: Որպես ՈՒԵՖԱ-ի նախագահ` ես շահագրգռված եմ, որ ֆուտբոլը զարգանա նաև Հայաստանում: Եվ ՀՖՖ-ի դերն էլ նրանում է, որ թույլ տա բոլոր երեխաներին` խաղալու ֆուտբոլ լավ պայմաններում»,- նշեց Միշել Պլատինին:
Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց «Պատվո շքանշանով»: Հանրապետության ղեկավարը պարգևն ՈՒԵՖԱ-ի նախագահին հանձնեց ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում` ասելով. «Ձեզ պարգևատրում ենք այն բանի համար, որ մեզ շատ լավ փոխանցումներ եք կատարում: Եվ վստահ եմ, որ այդ փոխանցումները շարունակելու եք կատարել»: