Ա. Արշակյան. Հույսեր մի փայփայեք. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար չեն տալու
22/09/2010 17:28

Ա. Արշակյան. Հույսեր մի փայփայեք. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար չեն տալու

«Ես չեմ հավատում, թե մինչև ընտրությունները հսկա ուժեր են ձևավորվելու քաղաքական դաշտում, սակայն կա երկու առաջատար ուժ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, և մասամբ ՀԱԿ-ը` ընդդիմադիր դաշտից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ով վստահ է, որ այդ 3 ուժերը հաստատ լինելու են 2012-ի խորհրդարանում, «քանի որ նրանց ո’չ կարող են խառնել, ո’չ օգնել, ո’չ վնասել ինքնաոչնչացման ճանապարհ բռնած ուժերը, սակայն կարող են կպնել ու կողքից ինչ-որ բան փախցնել»:

Ա. Արշակյանը նշեց, որ ՀՅԴ-ին աջակցել է ժամանակին, քանի որ հավատում էր դաշնակցությանը, որ նրանց առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, իսկապես, ցանկանում է դառնալ նախագահ:

Անդրադառնալով ՀՀԿ և ԲՀԿ փոխհարաբերություններին` Արշակյանն ասաց, որ սին են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ն ոչնչացնի ԲՀԿ-ին:

«Այդ երկու կուսակցություններում այնպիսի անձիք են ընդգրկված, այնպիսի քաղաքական ու ֆինանսական ուժերի են տիրապետում նրանք, որ ցանկացած խնդիր ու տարաձայնություն կլուծեն` կրելով նվազագույն կուրուստներ: Հույսեր մի փայփայեք. այդ ուժերն իրար չեն տալու»,- ընդգծեց Ա. Արշակյանը:

Նախկին պատգամավորը նշեց նաև, որ իր համար գլխավորը և էականը երկրում բարոյահոգեբանական իրավիճակն է:

«Դաշտի գործիչներն ամեն ինչ պետք է անեն, որ մարդկանց վերադարձնեն իրենց հավատը հայրենիքի նկատմամբ, այլապես մեր երկիրը կդառնա մի երկիր, որտեղից կփախնեն և կգործի «որտեղ հաց` այնտեղ կաց» կարգախոսը»,- նշեց բանախոսը:
 

Ա. Արշակյան. Հույսեր մի փայփայեք. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար չեն տալու