.jpg)
Փոխնախարար. Արբիտրաժը գերադասելի է դատարաններից
ՀՀ Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանն այսօր կայացած «Առևտրային արբիտրաժային ծառայությունների զարգացումը Հայաստանում» թեմայով հատուկ աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում արբիտրաժային ինստիտուտի հետ կապված օրենսդրական բացերը հայտնաբերելու ուղղությամբ:
«Այսօր խոշոր բացեր գոյություն չունեն, բայց մեր պրակտիկայում ընդունված երևույթ չի արբիտրաժային վարույթը: Սակայն դա հնարավորություն կտա թեթևացնել դատական մարմինների ծանրաբեռնվածությունը և առևտրային սուբյեկտներին հնարավորություն կտա իրենց վեճերը ինքնուրույն կարգավորելու: Այսօր ամբողջ աշխարհում կշեռքի ծանր նժարը ավելի շատ թեքված է արբիտրաժային վարույթի կողմը, քան` դատական մարմինների: Այսինքն, առևտրային կազմակերպությունները ավելի շատ այս ինստիտուտի միջոցով կարգավորմանն են գնում, քան դատական մարմինների միջոցով»,- ասաց փոխնախարարը:
Ն. Առուստամյանը, որպես գործնական խոչընդոտ, մատնանշեց իրավաբանական կորպուսի տեսական գիտելիքների ոչ լիարժեքությունը, ինչը շտկելու դեպքում, առևտրային կազմակերպությունների ղեկավարներին իրավաբանական խորհրդատվություն տալու ժամանակ հենց իրենք` իրավաբանները, կարող են հուշել և առաջարկել դիմել արբիտրաժ:
Ayosr-ի հարցին, թե դատական մարմինների ծանրաբեռնվածությունն ինչքանո՞վ կթեթևանա, եթե արբիտրաժային դատարանը լիարժեք գործի, փոխնախարարը պատասխանեց. «Այս ինստիտուտի կայացմամբ` ծանրաբեռնվածությունը բավականաչափ կթեթևանա: Եթե նայենք, որ քաղաքացիական գործերը 40 հզ. են լինում դատական մարմիններում, ապա 10-15 հզ-ը արբիտրաժային վարույթի միջոցով լուծում կստանա»: