.jpg)
ՀՀ փոխվարչապետն ընդունել է Եգիպտոսի փոխարտգործնախարարին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եգիպտոսի փոխարտգործնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար տկն Սոմեյա Սաադին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն` Ա. Գևորգյանը միաժամանակ կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը` նկատելով, որ այս ասպարեզում կա չօգտագործված մեծ ներուժ: Նա հույս է հայտնել, որ տարեվերջին նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը համագործակցության նոր հնարավորություններ կբացահայտի:
Տեղեկացնում են նաև, որ երկուստեք ընդգծվել է բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղարին` հիմնադրամի հետ Հայաստանի գործակցությունը համարելով օգտակար և արդյունավետ:
Ս. Սաադը նկատել է, որ Հայաստանը հիմնադրամի շահառուների թվում առաջիններից է և նշել, որ պատրաստակամ են հաշվի առնելու հայկական կողմի առաջարկները` հիմնադրամի գործունեության շրջանակների և դասընթացների թեմատիկաների ընդլայնման վերաբերյալ: Մասնավորապես կարևորվել է նաև վերապատրաստման ծրագրերի իրականացումը էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառների մասնագետների համար:
Նշենք, որ հայ-եգիպտական մշակութային հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև Եգիպտոսում անցկացվող հայկական մշակութային օրերը: