Գեղարքունիքի մարզի խնդիրները` մարզպետարանի պաշտոնյայի աչքերով
22/09/2010 18:27

Գեղարքունիքի մարզի խնդիրները` մարզպետարանի պաշտոնյայի աչքերով

Գեղարքունիքի մարզը ունի 243 հազար բնակիչ, որի մոտ 17-20 հազարը ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Այդ առումով առաջին տեղում Մարտունին է, հետո` Գավառը: Արտագնա աշխատանքի մեկնողների 95 տոկոսը աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում:

Մարզի 49 համայնքները ճանաչված են բարձր լեռնային գոտի, որտեղ 6-7 ամիս ձմեռ է:

Հայաստանում անկախությունից հետո սեփականաշնորվեցին երկրի գործարանները, այդ թվում` արդյունաբերական համարվող Գեղարքունիքի մարզի գործարանները, սակայն առ այսօր այդ գործարանները չեն աշխատում. հիմանկանում, գույքը վաճառվել է, իսկ վերագործարկելու համար այժմ անհրաժեշտ են նոր սարքավորումներ:

Գեղարքունիքի մարզում ամենաաղքատ համայնքներ համարվում են Վարդենիսի և Ճամբարակի սահմանամերձ, փախստականներով բնակեցված համայնքները:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Աշոտ Մելքոնյանը, ներկայացնելով մարզից արտագնա աշխատանքի մեկնելու փաստը, նշեց, որ Խորհրդային տարիներից ի վեր Գեղարքունիքի Մարտունի, Գավառ տարածաշրջաններում մեծ էր «խոպան» մեկնողների թիվը:

Անկախության առաջին տարիների սեփականաշնորհումից հետո գյուղաբնակները իրենց տրամադրության տակ հողատարածքներ ունեն` գյուղկուլտուրա մշակելու համար, սակայն, ըստ պաշտոնյայի, այսօր գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող մեխանիզացիայի գները բարձր են, և մարզում հողերի 20 տոկոսը չի մշակվում:

Հիշեցնենք, որ մարզում չմշակվող հողերի մինչև 60 տոկոսի տվյալներ կան:

Աշոտ Մելքոնյանի խոսքերով, մեխանիզացիայի գները սանձելու համար ներկրվում է գյուղատնտեսական նոր մեխանիզացիա:

Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, նաև միգրացիոն հոսքերը կանխելու նպատակով կառավարություն է ներկայացվել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որի մեջ ներառված են նաև գյուղմթերքների վերամշակման արտադրություն, կարտոֆիլի, հացահատկի վերամշկման փոքր գործարանների հիմնում, որը թույլ կտա ոչ միայն աշխատատեղեր ապահովել, այլև մարզի գյուղմթերքի ցածր գների քաղաքականության խնդիրը լուծել:

Առաջարկույթուն կա նաև մսամթերքի հետ կապված, քանի որ մարզը հայտնի է անասնապահությամբ և այլն: Չի մոռացվել նաև մարզում առատ աճող, մշակման կարիք չունեցող չիչխանի խնդիրը, որը, ինչպես հայտնի է, օգտակար պտուղ է, և որի վերամշակման հարցը տարիներ շարունակ քննարկվում է, սակայն` ոչ մի լուծում:

Պաշտոնյան հույս հայտնեց, որ սոցիալ-տնտեսական ծրագրերի կյանքի կոչվելուց հետո կնվազի մարզից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:

Նշենք, որ հանդիպումը մարզպետարանի պաշտոնյայի հետ տեղի ունեցավ Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում:
 

Գեղարքունիքի մարզի խնդիրները` մարզպետարանի պաշտոնյայի աչքերով