Գ. Մինասյան. Արդյունաբերության ծավալները շարունակում են աճել
22/09/2010 16:24

Գ. Մինասյան. Արդյունաբերության ծավալները շարունակում են աճել

«Ըստ էության, այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ տարվա ընթացքում ձևավորված միտումները կայունացման տենդենց են ցուցաբերում: Մասնավորապես, խոսքը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի մասին է, որը 3.1 % աճ է արձանագրել»,- անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշներին՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, շարունակում է երկնիշ տնտեսական աճ արձանագրել արդյունաբերության ոլորտը՝ 11.5 %: «Մի փոքր բարելավում է նկատվում գյուղատնտեսության ոլորտում, որտեղ նախորդ ամիս ունեինք շուրջ 23 %-ի անկում, սակայն այս ամիս այդ անկումը 18 % է կազմել: Անկում է նկատվել նաև շինարարության ոլորտում»,- ասաց պաշտոնյան:

Նրա կարծիքով, գործնականում բոլոր չորս հիմնական ուղղություններով կայունության գործընթաց է գնում, որն, իհարկե, արտացոլվել է ՀՆԱ-ի աճում. «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բյուջեյով նախատեսել ենք ընդամենը 1.2 %-ի աճ, ապա կարծում եմ, որ 3.1 %-անոց աճը պետք է գոհացուցիչ համարել»:

«Ինչպես և նախորդ ամիսներին, այնպես էլ այս ամիս արտահանման աճի տեմպը 2 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպերին: Եթե արտահանման բնագավառում մենք ունենք 43.8 %-ի հասնող աճ, ապա ներմուծման մասով այդ աճը 21.3 %-ի է հասնում: Սա հատկապես կարևոր ցուցանիշ է, որովհետև մեր երկրի առևտրատնտեսական սալդոն բացասական է, և եթե այս միտումը շարունակվի, ապա դա որոշակիորեն կնպաստի այդ հարաբերության նորմալացմանը»,- ասաց Գ. Մինասյանը:

Նշենք, որ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-օգոստոսին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության և շինարարության ոլորտները: 8 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 503.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.5 %-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 18 տոկոսով` կազմելով 292 մլրդ դրամ: Մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 0.3 %՝ կազմելով 641 մլրդ դրամ։

Շինարարության ոլորտում արձանագրվել է 2.4 տոկոս անկում, չնայած` նախորդ ամսվա համեմատ` այն ավելացել է 11.4 տոկոսով: Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 7.2 %:

Հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2958.7 մլն դոլար, ինչը 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 25.3 %-ով։ Միևնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 43.8 %-ով՝ կազմելով 598.1 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 21.3 %-ով՝ կազմելով 2360.6 մլն դոլար:
 

Գ. Մինասյան. Արդյունաբերության ծավալները շարունակում են աճել