Արդյունավետ համագործակցություն` ՀՀ և ՌԴ  գերատեսչությունների միջև
22/09/2010 20:46

Արդյունավետ համագործակցություն` ՀՀ և ՌԴ գերատեսչությունների միջև

2009 թվականին Երևանում ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության և ՌԴ համապատասխան գերատեսչության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ենթադրում էր երկու կառույցների միջև փորձի փոխանակում, կապերի ամրապնդում, փոխգործակցության ծավալների մեծացում:

Մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ քայլեր կատարվել են, սակայն առկա է փոխգործակցության հետագա քայլերի հստակեցման և համագործակցությունը նոր որակի հասցնելու անհրաժեշտություն:

Այս նպատակով Հայաստանի հանրապետության նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը աշխատանքային եռօրյա այցով գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Աշխատանքային գրաֆիկը հագեցած է՝ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ, Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի հստակեցում:

Երևանում կնքված հուշագրի դրույթներն իրականացնելու և հետագա համագործակցությունը խորացնելու համար վերահսկողական ծառայությունների ղեկավարներ Հովհաննես Հովսեփյանը և Կոնստանտին Չույչենկոն քննարկել են միմյանց աշխատանքի առանձնահատկությունները, հետագա պլաններն ու նախատեսվող աշխատանքի իրականացման մեխանիզմները:

Կառույցների գործունեությունը պետությունների կյանքում կարևոր նշանակություն ունի, ուստի պատահական չէ, որ Հայաստանից ժամանած պատվիրակության այցին Ռուսաստանում բավական լուրջ են վերաբերվել: Հովհաննես Հովսեփյանի և Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը ողջունել է անձամբ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեվը: Վերջինիս ողջույնի խոսքը և ուղերձը Հովհաննես Հովսեփյանին փոխանցել է նրա ռուս գործընկերը: Դ. Մեդվեդեվը արդյունավետ համագործակցություն է մաղթել Հայաստանի և Ռուսաստանի Վերահսկողական ծառայություններին, և այս մաղթանքն իրականության վերածելու քայլերը լայն քննարկման են առարկա են դարձել կառույցների ղեկավարների պաշտոնական հանդիպման ընթացքում:

«Եվս մեկ անգամ փորձեցինք հասկանալ ՌԴ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքի ուղղությունները: Դրանք հիմնականում բաժանվում են երեք մասի՝ պաշտպանական, տնտեսական- ֆինանսական ուղղություններ և պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կատարման վերահսկողություն»,- անդրադառնալով ռուսաստանյան կառույցի աշխատանքներին՝ նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանը: Նա նաև նշել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համապատասխան ծառայություններում ներգրավված պաշտոնյաների աշխատանքը խիստ կարևոր է և խիստ պատասխանատու: Իզուր չէ, որ թերացումների համար ՌԴ որոշ փոխնախարարներ ազատվել են աշխատանքից:

Նույն խիստ մոտեցումները, ինչպես ասել է Հ. Հովսեփյանը, կիրառվում են նաև Հայաստանում: Պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունից բացի, հետևողական մոտեցում է ցուցաբերվում նրանց կողմից հայտնաբերած խախտումներին: « Մեր հանրապետությունում ևս նախագահը շատ մեծ ուշադրություն է դարձնում Վերահսկողական ծառայության բացահայտած խախտումներին: Հայաստանում ևս բազմաթիվ մարդիկ կան, ովքեր պատժվել են անբարեխիզճ գործունեության համար»,- նշել է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանը:

Եվ այսպես, ՌԴ և ՀՀ համապատասխան ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման այս քայլը ևս կարելի է իրագործված համարել: Առջևում է պայմանավորվածությունների կատարման և ակտիվ համագործակցությունը շարունակելու ընթացքը: Սակայն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի և աշխատակիցների հետ կայացած հանդիպումից բացի, Հ. Հովսեփյանը ռուսաստանյան այցի ընթացքում այլ կարևոր հանդիպումներ է ունենալու: Հ. Հովսեփյանը հանդիպելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ գլխավոր դատախազի հետ: Սանկտ-Պետերբուրգում Հ. Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանն ընդունելու է նահանգապետ Վալենտինա Մոտվիենկոն:

Արդյունավետ համագործակցություն` ՀՀ և ՌԴ գերատեսչությունների միջև