Վարչապետը բազալտի ձուլման գործարանի կառուցման ծրագիր ներկայացրեց
22/09/2010 19:36

Վարչապետը բազալտի ձուլման գործարանի կառուցման ծրագիր ներկայացրեց

Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Չինաստան: Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Sichuan Aerospace Tuoxin Basalt» գործարան, «Tuoxin» ընկերության հարավ-արևմտյան օդանավակայանի տարածքում ստեղծված տնտեսական զարգացման գոտի, որտեղ ծանոթացել է արեգակնային մարտկոցներ արտադրող ընկերություններից մեկի աշխատանքին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, վարչապետը կոնկրետ ծրագրեր է ներկայացրել այցի շրջանակում: Մասնավորապես` բազալտի ձուլման գործարանի կառուցման, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնի վերաբերյալ, նաև ենթակառուցվածքներին, նոր տեխնոլոգիաներին առնչվող ներդրումային նախագծեր: Դրանցից մեկն արևային մարտկոցների արտադրությունն է, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել ճանաչողական այց համապատասխան ընկերություններից մեկը: Այս առումով Հայաստանն ունի համապատասխան գիտական ներուժ, ինժեներական պատրաստված մասնագետներ, և այսօր փնտրվում են դրսից ներդրումներ ու տեխնոլոգիաներ ներգրավելու հնարավորություններ: Այն միջանկյալ փուլ կհանդիսանա հանրապետությունում ինքնուրույն տեխնոլոգիաների զարգացման համար:

Բազալտի վերամշակման ուղղությամբ չինական կողմի հետ արդեն տարվում են աշխատանքներ. ուսումնասիրվել են Հայաստանի հանքերն ու չինացի մասնագետներն արձանագրել են, որ Հայաստանում առկա են որակյալ բազալտի մեծածավալ պաշարներ` դրանցից մանրաթելի ստացման համար: Այժմ աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում:

Սեպտեմբերի 23-ի երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:
 

Վարչապետը բազալտի ձուլման գործարանի կառուցման ծրագիր ներկայացրեց