Վարչապետն այցելել է Սիչուան նահանգ
22/09/2010 19:11

Վարչապետն այցելել է Սիչուան նահանգ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որ այս օրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, ժամանել են Սիչուան նահանգի Չենգդու կենտրոն, որտեղ Տ. Սարգսյանը հանդիպել է Սիչուանի նահանգապետ Ցզյան Ցզույ Ֆենինի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ նահանգապետը շնորհակալություն է հայտնել Սիչուան նահանգում 2008թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում Հայաստանի տրամադրած օգնության համար ու ներկայացրել նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը ՀՆԱ-ի ցուցանիշներով 9-րդն է ՉԺՀ-ում: Ցզյան Ցզույ Ֆենը հույս է հայտնել, որ նահանգի ներուժը կօգտագործվի երկկողմ համատեղ ծրագրերում:

Իր հերթին վարչապետը նշել է, որ այցի նպատակը տնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելն է, քանի որ հետաքրքրական շատ մտահղացումներ կան, և պետք է փնտրվեն տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղիներ` դրանք բարձրացնելով քաղաքական մակարդակի: Տ.Սարգսյանը նաև հաջողված համագործակցության օրինակն է ներկայացրել` առաջին խոշոր հայ-չինական համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկությունը:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է նաև, որ պատրաստված է համատեղ գործունեության ծրագրերի փաթեթ, որի իրականացման ուղղությամբ հարկ է ակտիվ աշխատանք տանել և ստացել է նահանգապետի պատրաստակամության հավաստիացումը` ընդգծելով, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
 

Վարչապետն այցելել է Սիչուան նահանգ