12/10/2010 14:28
Տաթևի ճոպանուղին շահագործման կհանձնվի հոկտեմբերի 23-ին
Հոկտեմբերի 16-ին կտրվի «Տաթևի վերածնունդ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը ներառում է երեք հիմնական բաղադրիչներ` Տաթևի վանքի վերանորոգում, տարածքի համայնքների զարգացում և զբոսաշրջության ենթակառուցվածքների կառուցում:
Հոկտեմբերի 16-ին նաև կկայանա աշխարհի ամենաերկար` Տաթևի ճոպանուղու տեխնիկական բացումը: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, ընթացքի մեջ են Գինեսի հետ բանակցությունները:
«Հոկտեմբերի 16-ին Տաթևի ճոպանուղու տեխնիկական բացման օրն է, իսկ հոկտեմբերի 23-ին ճոպանուղին կհանձնվի շահագործման. դա կլինի հանրային միջոցառում»,- շեշտեց Բեկոր Փափազյանը:
Նրա խոսքով` հոկտեմբերի 16-ի միջոցառումը հրավիրյալների` կառավարության, եկեղեցու, արտերկրի լրագրողների համար է, որի համար արդեն Հայաստանի քաղաքացիներից և համայնքներից ներողություն են խնդիրել: Ուրբաթ օրվանից մինչև կիրակի այդ տարածքը կազմակերպչական աշխատանքների պատճառով փակ է լինելու, սակայն ուղիղ եթերը հնավորություն կտա հետևելու միջոցառման ընթացքին:
«Հոկտեմբերի 23-ին բոլորին հրավիրում ենք, որ մեզ հետ միասին շահագործման հանձնեք ճոպանուղին և բացումը կատարենք»,- նշեց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը: