Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Նախագահին
13/10/2010 18:49

Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Նախագահին

Հոկտեմբերի 12-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Նախագահ Լի Մյուն-բակին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանի և Կորեայի միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը շարունակաբար զարգանում և ամրապնդվում են: Կարևորվել է երկու երկրների ղեկավարների փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև գործարար կապերի ընդլայնումը` առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:

Դեսպան Սարգսյանը նշել է, որ Կորեայի մի շարք գործակալությունների և հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում երկկողմ շփումների, կրթական և մշակութային փոխանակումների ընդլայնմանը: Միաժամանակ նա շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների ներգրավումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ համատեղ ծրագրերի սկզբնավորման համար:

Նախագահ Լի Մյուն-բակը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ոլորտներ գտնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել փոխշահավետ երկկողմ հարաբերությունների առաջխաղացում: Նա հաջողություն է մաղթել Հայաստանի նորանշանակ դեսպանին` երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման իր առաքելությունն իրագործելու ընթացքում` խոստանալով կորեական կողմի աջակցությունը:
 

Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Նախագահին