Ամփոփվում է «Մշակութային ադապտացում` կրթության միջոցով» ծրագիրը
13/10/2010 17:51

Ամփոփվում է «Մշակութային ադապտացում` կրթության միջոցով» ծրագիրը

Հոկտեմբերի 14-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Նռնենի» սոցիալական տանը տեղի կունենա Իրաքից գաղթած մեր հայրենակիցների համար իրականացված «Մշակութային ադապտացում` կրթության միջոցով» ծրագրի արդյունքների ամփոփումը:

Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանում ապաստանած իրաքահայ ընտանիքներին, նպաստել նրանց մշակութային ադապտացմանը և կենսապայմանների բարելավմանը:

«2006 թ.-ից սկսած` տարբեր ծրագրեր ենք ունեցել: «Մշակութային ադապտացում` կրթության միջոցով» ծրագիրը երկու տարի է` ընթանում է, ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից»,- Aysor-ին տեղեկացրեց ծրագրի համակարգող Արուսիկ Սարգսյանը:

«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը վերապատրաստել է մոտ 200 իրաքահայերի Երևանից և շրջակա մարզերից:

«Դաբնիկ գյուղի գրեթե բոլոր ընտանքիներից էլ հաճախել են մեր դասընթացներին»,- նշեց Ա. Սարգսյանը և հավաստիացրեց, որ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի իրաքահայերը դասընթացներից հետո աշխատանք գտնեն:

«Մեր միջոցառման մեջ ներգրավված են զբաղվածության գործակալությունների ներկայացուցիչները: Մենք փորձում ենք ներկայացնել, որ այսքան ավարտած մարդիկ կան, որ աշխատատեղեր լինելու դեպքում` տեղեկացնեն մեզ»,- հաղորդեց Արուսիկ Սարգսյանը:

Միջոցառմանը մասնակցելու են «Առաքելություն Հայաստանի» շահառուները, հրավիրված են ՀՀ Սփյուռքի, Կրթության և գիտության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՄՆ դեսպանատան ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի մասնակիցները դասընթացներ են անցել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով` վարսահարդարում, դիմահարդարում, սեղանի ձևավորում, խոհարարություն, կահույքագործություն, ոսկերչություն, ասեղնագործություն, համակարգչային և լեզվի դասընթացներ: Ծրագրի ամփոփման արդյունքում` շահառուներից յուրաքանչյուրը, համապատասխան իր անցած մասնագիտական ուսուցման, կստանա ամբողջական փաթեթ, որը կնպաստի նրանց հետագա աշխատանքային գործունեությանը:
 

Ամփոփվում է «Մշակութային ադապտացում` կրթության միջոցով» ծրագիրը