Կ.Ավագյան. ՀԱԿ–ում չկա Լևոն Տեր–Պետրոսյանին փոխարինող անձ
13/10/2010 13:26

Կ.Ավագյան. ՀԱԿ–ում չկա Լևոն Տեր–Պետրոսյանին փոխարինող անձ

«Ազատության հրապարակը ՀԱԿ–ի համար գերխնդիր է դարձել։ Երևի թե տարիների ընթացքում նախագահական նստավայրը փոխվել է Ազատության հրապարակո՞վ։ Առաջ իրենց համար գերխնդիր էր նախագահական նստավայրը, և դա պատահական չէ, դրա պատճառն այն ակտիվության պակասն է, որ այսօր մենք բոլորս տեսնում ենք ՀԱԿ–ում և ՀԱԿ–ի գործունեության մեջ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ–ի ցանկությանը։

Բանախոսը նշեց, որ որևէ տարբերություն Մատենադարանի և Ազատության հրապարակի միջև չի տեսնում: «ՀԱԿ–ի համար հանրահավաքի անցկացման վայրերի տարբերությունը քաղաքապետարանն է տեսնում, որը հստակ նշում է Ազատության հրապարակում հանրահավաք թույլ չտալու որոշման պատճառները»,- նշեց Կ.Ավագյանը:

Ըստ բանախոսի` ՀԱԿ–ի պասիվության պատճառն այն է, որ ՀԱԿ–ում չկա Լևոն Տեր–Պետրոսյանին փոխարինող անձ:

«Նույն ՀԱԿ–ն այսօր ունի սերնդափոխության խնդիր, և նույն ՀԱԿ–ում այսօր չի ձևավորվել այն երկրորդ անձը, որը փոխարինելու է Լևոն Տեր–Պետրոսյանին, ինչը և խանգարում է ՀԱԿ–ի գործունեությանը, ՀԱԿ–ի ակտիվությանը ներքաղաքական դաշտում: Դա հենց երևում է Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականությունից ու պասիվությունից », – ասաց պատգամավորը, նշելով, որ ՀԱԿ-ի հետ համեմատած` Հանրապետական կուսակցությունում նման խնդիր չկա, և ՀՀԿ–ն նման խնդրի առաջ չի կանգնի։

Կ. Ավագյանն անդրադարձավ նաև ՀԱԿ–ի մաս կազմող ՀՀՇ կուսակցության կողմից օրերս Վրաստանի և Ադրբեջանի կուսակցությունների հետ ստորագրած հռչակագրին։

««Մուսավաթ» կուսակցության հետ վերջերս կնքած այդ հռչակագիրը ևս խոսում է այն մասին, որ Եվրոպայի աչքին երևի «պուպուշ» երևալու խնդիր ունեն, և անգամ համաձայնության են գնում «Մուսավաթ» կուսակցության հետ, որը միշտ հայտնի է եղել իր հակահայկական դրսևորումներով»,– ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
 

Կ.Ավագյան. ՀԱԿ–ում չկա Լևոն Տեր–Պետրոսյանին փոխարինող անձ