Հայկական տաղավարը` Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեի հաղթող
13/10/2010 19:08

Հայկական տաղավարը` Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեի հաղթող

Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեում, որի արդյունքներն ամփոփվել են 2010թ. հոկտեմբերի 12-ին, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձևավորում և առարկաների դիզայն կատեգորիայում առաջին մրցանակի արժանացավ SKBD ստուդիան, որն իրականացրել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հավաքածուի ցուցադրությունը (հեղինակներ` Աթիլլա Կիմ/Attila Kim, Տիբերիու Բուկշա/Tiberiu Bucşa, Ադրիանա Դիակոնու/Adriana Diaconu, Էլենա Ստոյան/Elena Stoian, Ռուքսանդրա Բերինդե/Ruxandra Berinde և Անա Բոտեզատու/Ana Botezatu): Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մրցույթն ընդգրկում էր վեց կատեգորիաներ` 1000 քմ ավելի ճարտարապետություն, 1000քմ պակաս ճարտարապետություն, ուրբանիզմ և քաղաքային տարածքների ձևավորում, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձևավորում և առարկաների դիզայն, հուշարձանների վերականգնում և շենքերի վերակենդանացում, ճարտարապետական հրատարակություններ:

Նշենք, որ Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը բացվել էր Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրըվեն (Dumbraveni) քաղաքում, ս/թ հուլիսի 15-ին, մշակութային ինքնության վերականգնման և խթանման ռումինա-եվրոպական համագործակցության շրջանակներում: Թանգարանի հիմնադրումն իրականացվել էր Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի կառավարությունների կողմից հիմնադրված «Հայ համայնքի վերածննդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաև դրա միջոցով տեղական տուրիզմի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը: Թանգարանը տեղավորված է Դումբրըվենի հայ կաթողիկե Սուրբ Եղիսաբեթի տաճարին հարևան պատմական Ապաֆի ամրոցում:

Դումբրըվենը համարվում է Տրանսիլվանիայի հայկական բնակավայրերից մեկը: Հայերն այնտեղ հաստատվել են դեռևս 17-րդ դարի վերջում: 18-րդ դարի սկզբում հայերի ջանքերի շնորհիվ Դումբրըվենն ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, կառավարվել հայերի կողմից` հայկական օրենքներով և վերանվանվել Ելիզաբեթոպոլիս: Քաղաքում կառուցվել են հայկական եկեղեցիներ, վարչական և կրթական հաստատություններ, առևտրական և բնակելի տներ, որոնցից մի մասը պահպանվում է մինչև այսօր:
 

Հայկական տաղավարը` Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեի հաղթող