Հոկտեմբերի 14-ը Ստանդարտների միջազգային օրն է
13/10/2010 17:53

Հոկտեմբերի 14-ը Ստանդարտների միջազգային օրն է

Հոկտեմբերի 14-ը Ստանդարտների միջազգային օրն է: Ամեն տարի` արդեն 41-րդ անգամ, միջազգային գիտատեխնիկական հասարակությունը նշում է ստանդարտացման միջազգային օրը: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում ասաց Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավար Ենոք Ազարյանը:

«Դա երախտագիտության նշան է ամբողջ աշխարհում հազարավոր մասնագետների համար, ովքեր մշակում են ստանդարտներ` ապահովելու արտադրանքի և ծառայությունների որակը, անվտանգությունը, առևտրի զարգացումը, ինովացիայի ներդրումը և ռեսուրսների խնայողությունը»,- ասաց Ե. Ազարյանը:

Ինչպես նշեց բանախոսը, միջազգային ստանդարտները մատչելի արտադրանքի նախագծման գործում ուղեցույց են հանդիսանում արտադրողի և ծառայություն մատուցողների համար:

«Միջազգային ստանդարտները հեշտացնում են յուրաքանչյուրի հասանելությունն արտադրանքին, կառույցներին և ծառայություններին: Դրանք հիմք են ապահովում նաև ինովացիոն տեխնոլոգիաների տարածման համար ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում»,- ասաց Ե. Ազարյանը և հավելեց, որ դրանք խթանում են շուկայի արագ աճը և միջազգային առևտրի զարգացումը:

Հայաստանում, ըստ Ազարյանի, ստանդարտացման աշխատանքներ իրականացվում են տնտեսության այնպիսի գերակայող ուղղություններում, ինչպիսիք են էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, ճանապարհային տրանսպորտը, շինարարությունը, գյուղատնտեսությունը և այլն:
 

Հոկտեմբերի 14-ը Ստանդարտների միջազգային օրն է