.jpg)
ՀՅԴ անդամ. Բաքվում անվտանգությունը բավական աչալրջորեն են ապահովել
Հոկտեմբերի 11-12-ին Բաքվում տեղի է ունեցել Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցել են նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը և Կիրո Մանոյանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նրանք ներկայացրել են կատարած այցի մանրամասները: Հավաքի ընթացքում, ինչպես հայտնեց Մարիո Նալբանդյանը, քննարկվել են տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում` Արցախի հարցին վերաբերող հարցեր:
Ըստ բանախոսների` Ադրբեջանը ներկայացնող, Սոցինտերնում խորհրդակցական կարգավիճակ ունեցող սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն իրենց կարծիքներն է ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ, «հարձակում գործելով հայկական դիրքերի վրա»: Սակայն, ինչպես նշեց Մարիո Նալբանդյանը, Կիրո Մանոյանն այդ ժողովի ընթացքում տվել է Ալիզադեի պատասխանները, ընդ որում` «պատասխանները դրական արձագանք են գտել համաժողովի մասնակիցների շրջանում»:
Բանախոսները հայտնեցին, որ Բաքվում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովն առաջարկել է Սոցինտերնում լիիրավ անդամի կարգավիճակ ունեցող ՀՅԴ-ին, որը միակ լիիրավ անդամն է ԱՊՀ-ից, և խորհրդակցական կարգավիճակ ունեցող Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ձևակերպել իրենց մոտեցումները Արցախյան հիմնահարցի կարգավորման սկզբունքների վերաբերյալ և դրանք ներկայացնել Փարիզում նոյեմբերի կեսին կայանալիք Սոցինտերնի ընդհանուր համաժողովին, որը, եթե կարողանա համադրել կողմերի մոտեցումները, կարգավորման վերաբերյալ բանաձև կընդունի:
Կիրո Մանոյանն ասաց, որ Բաքվում իրենց անվտանգությունը ապահովել են բավական աչալրջորեն, նույնիսկ հյուրանոցից նիստերի դահլիճ ընկած մի քանի հարյուր մետր ճանապարհը տեղափոխել են մեքենայով: Միայն օդանավակայանում Մարիո Նալբանդյանի մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրներ են եղել, և 5 ժամ ստիպված են եղել անցկացնել սպասասրահում: Մարիո Նալբանդյանը նշեց, որ, գուցե, խնդիրը տեխնիկական էր, թյուրիմացություն, ինչը պայմանավորված է նրանով, որ ինքը դեռ Հայաստանի քաղաքացի չէ, այլ Արգենտինայի: