.jpg)
Կ. Պապուլիաս. «Եվ հայերը, և հույները տուժել են Թուրքիայի կողմից»
Հոկտեմբերի 12-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգավորներ Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզաննա Առաքելյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքսան Պետրոսյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Աթենքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Ողջունելով հյուրերին` Հունաստանի Նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջև գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաև պատմական ընդհանրությամբ և ճակատագրերի նմանությամբ:
«Եվ հայերը, և հույները տուժել են Թուրքիայի կողմից», -նշեց Նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:
Հունաստանի Նախագահը կարևորեց ԱԺ նախագահի այցը երկկողմ գործակցությունը զարգացնելու առումով և համոզմունք հայտնեց, որ հունվարին սպասվող Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները և կխթանի միջպետական փոխգործակցությունը: Նա կարևորեց նաև միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ակտիվացումը և ընդհանրապես հարաբերությունների խորացումը բոլոր բնագավառներում:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, Հունաստանի նախագահը կարևորեց հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստանի հետ ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Նա բարձր գնահատեց Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար: Նշվեց, որ Հայաստանը նույնպես կարևորում է Հունաստանի հետ հարաբերությունների թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով զարգացումը:
Հայաստանի խորհրդարանի նախագահը շեշտեց, որ հայ-հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Հունաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կառույցներում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արևելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար:
Հովիկ Աբրահամյանը կարևորեց երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարևորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը հետևողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը ու աստիճանական տնտեսական ինտեգրումը խորացնելու իր քաղաքական հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերություններին: Կողմերը քննարկեցին նաև Հունաստանի հայկական համայնքին հուզող մի շարք հարցեր: