.jpg)
Վարչապետը Սարահարթ գյուղում հանձնել է 157 տների հավաստագրեր
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, Սարահարթ գյուղում հանձնել ութ բնակավայրերում կառուցված 157 տների հավաստագրեր։ Առանձնատները կառուցվել են «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի» շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է շահառուներին և նշել, որ պետության կողմից կառուցված առանձնատները տրվում են սեփականության իրավունքով։ «Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ հնարավորություն ունենք ընդգծելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը` այն է 7000 անօթևան ընտանիքներին ապահովել բնակարաններով, ի կատար է ածվում»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին` նախագահի այս ծրագիրը հետևողականորեն իրականություն է դառնում։
«Սա չափազանց լուրջ նախաձեռնություն է. պետությունը, չնայած ունի սոցիալական լուրջ խնդիրներ, մասնավորապես 2009 թվականին ունեցել է մեծ տնտեսական անկում, սակայն այս ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է և ֆինանսավորումը ոչ մի օր չի դադարեցնում»,- ընդգծել է վարչապետը։
Վարչապետի խոսքով, աղետի գոտում ընդհանուր առմամբ իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն, որի շրջանակներում 7000 անօթևան ընտանիքներ կստանան պետության կողմից խոստացված բնակարանները։
«Շատ ուրախ եմ, որ 157 ընտանիքների հանձնում ենք բնակարանների հավաստագրերը, հասկանալի է, որ 7000 ընտանիքով մենք ամբողջությամբ խնդիրները դեռևս չենք լուծում»,- նշել է վարչապետը` հավելելով, որ Լոռու մարզում դեռ կան սոցիալական, բնակարանային ապահովվածության և այլ խնդիրներ, որոնք դեռ լուծման կարիք ունեն։ «2011թ-ին հիմնականում ավարտելով 7000 ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը կկարողանանք մյուս տարիների ընթացքում ձեռնամուխ լինել սոցիալական այլ խնդիրների լուծմանը»,- եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը։