.jpg)
Վարչապետը Սպիտակում ծառատունկի է մասնակցել
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր եղել է Սպիտակում, որտեղ մասնակցել է քաղաքի «Վարպետաց» թաղամասում «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակում իրականացվող ծառատունկին։
Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Սարգսյանը, ողջունելով ծառատունկի մասնակիցներին, նշել է, որ ծրագրի իրականացման գործում բավականին հետևողական աշխատանք է տարվում և համապատասխան միջոցառումներ են իրականացվում` մաքուր հայրենիք գաղափարախոսությունը հանրապետության բոլոր մարզերում տարածելու համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասին» շարժման երիտասարդներին, որոնք հետևողական են և վերահսկում են կառավարության կողմից հաստատված «Մաքուր հայրենիք» ծրագրի իրականացումը։ Դա ամենակարևոր երաշխիքն է այն բանի, որ «Մաքուր հայրենիք» ծրագիրը կհասնի իր նպատակին»,-ասել է վարչապետը` հավելելով, որ ծրագրի նպատակն է, սիրելով հայրենիքը, պահպանել այն մաքուր։ Տիգրան Սարգսյանի խոսքով, դեռևս այդ ուղղությամբ անելիքներ կան։
«Այս ակցիան տարածելով բոլոր մարզերում` ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Եթե յուրաքանչյուր անձ մեկ կամ երկու ծառ տնկի, ապա նրա մեջ ինչ-որ բան կփոխվի և նորովի կգնահատի բնության արժեքը։ Կարծում եմ, որ հետևողականությունն այս գործում խիստ կարևոր է»,-ավելացրել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ նման ակցիաները դեռ շարունակվելու են` հավելելով, որ առավել նպատակահարմար կլինի, որ բոլոր մարզպետները ծրագիրը վերցնեն իրենց անձնական հսկողության տակ և մարզերում այն իրենք իրականացնեն։
«Մենք հասարակության հետ միասին հետևողական ձևով պետք է վերահսկենք, որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվի։ Ծրագրի իրականացման գործում անհրաժեշտ է ներգրավել դպրոցներին, բուհերին, որպեսզի աշակերտներն ու ուսանողներն ակտիվորեն մասնակցեն միջոցառումներն։ Ճիշտ կլինի մինչև ձմեռ ծառատունկի ծավալները ավելացվեն, որովհետև մենք ունենք պատրաստված հազարավոր տնկիներ։ Մենք պարտավոր ենք այդ տնկիները, ըստ մարզերի, հավասարաչափ բաշխելով, ծրագիրն իրականացնել»,-ավելացրել է վարչապետը։
Նշենք, որ «Վարպետաց» թաղամասում կառուցվել են 220 առանձնատներ, որոնց շահառուները վիճակահանությամբ արդեն ստացել են իրենց հասանելիք բնակարանները։