.jpg)
Ռուսաստանի հայերի միությունը 10 տարեկան է
Այս տարի լրանում է Ռուսաստանի հայերի միության 10 ամյակը, որի առիթով նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ Երևանում, Հայաստանի մարզերում, ինչպես նաև Արցախում: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
Ինչպես նա նշեց, իրենց կազմակերպած միջոցառումների նպատակն է ևս մեկ անգամ ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը:
«Ռուսաստանի հայերի միության և Համաշխարահային հայկական կոնգրեսի օրերը հոկտեմբերի 15-ին մեկնարկելու են Ստեփանակերտում, որտեղ լինելու են ներկայացուցիչներ ինչպես Միությունից, այնպես էլ Կոնգրեսից: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Արցախում կհանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին»,- ասաց Աղայանը` հավելելով, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Վ. Աղայանի խոսքով, հոկտեմբերի 17-ին իրենք լինելու են նաև Գյումրիում, որտեղ կազմակերպվելու են բազմաթիվ հանդիպումներ:
Նշենք նաև, որ միջոցառումների շրջանակում փորձի փոխանակման համար Ռուսաստանից Հայաստան են ժամանելու բժիշկներ, երաժիշտներ և այլ ոլորտի մասնագետներ: