03/12/2010 13:14
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 120 տարեկան է. գիտաժողով
Այսօր Երևանում մեկնարկեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հիմանդրման 120-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին կուսակցության անդամներ, պատմաբաններ, հյուրեր:
«Ավանդաբար Դաշնակցությանը նվիրված միջոցառումներ են լինում ամեն տարի, բայց այս տարվա միջոցառումները հոբելյանական են»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և հավելեց, որ միջոցառման ժամանակ բարձրացվելու են թե քաղաքական, թե պատմական և թե բարոյական հիմնահարցեր:
«Հայ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի հարստությունն են: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ, որ ունեն քաղաքական մշակույթ, որը հաշվվում է հարյուրամյակներով»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, հայ ավանդական կուսակցությունները, որոնք հանդես եկան 19-րդ դարի վերջին, հայ քաղաքական մշակույթը բարձրացրեցին մի նոր որակի:
«ՀՅԴ ոչ միայն անկյունաքարային դեր է խաղացել մեր ժողովրդի համար շատ ճակատագրական և վճռորոշ իրադարձություններում, այլ այսօր ևս շարունակում է մնալ հայ քաղաքական կյանքի կարևոր ուժերից մեկը»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:
Գիտաժողովի քննարկման թեմաներից էին ազգային ազատագրական պայքարը 1890-1918թթ.-ին, Հայոց անկախության վերականգնումը և Սփյուռքի կազմակերպման համար պայքարի ժամանակաշրջանը: