Գ. Մինասյան. Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի
10/12/2010 17:24

Գ. Մինասյան. Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի

«Թուրքական կողմը կա’մ պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, կա’մ հայտարարի չվավերացնելու մասին: Ցանկացած այլ ձևակերպում` լուռ, անձայն դիվանագիտության մասին, խոսքեր են, որոնք փորձում են պատրանք ստեղծել միջազգային հանրության մոտ, թե ինչ-որ գործընթացներ Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններում ընթանում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքերով, բնականաբար, ոչ մի նման գործընթաց չկա. «Իրավիճակն այն փուլում է, որ թուրքական կողմը կա'մ պետք է կամք դրսևորի ու առանց նախապայմանի վավերացնի արձանագրությունները, կա'մ կրկին կամք դրսևորի և միջազգային հանրությանը տեղեկացնի, որ պատրաստ չէ առանց որևէ նախապայմանի վավերացնել դրանք»:

Հայ-թուրքական հարաբերությունների հետագա հնարավոր զարգացման մասին խոսելիս` ՀՀԿ պատգամավորը նշեց, որ թուրքական կողմը որևէ լուրջ քայլ չի կատարի այդ ուղղությամբ, քանի որ 2011-ի կեսերին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

Միևնույն ժամանակ Գ. Մինասյանը հնարավոր է համարում այն, որ թուրքական իշխանության կողմից ապրիլի 24-ին ընդառաջ որոշ ռևերանսներ լինել, որոնք էական նշանակություն չեն ունենա արձանագրությունների վավերացման վրա:
 

Գ. Մինասյան. Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի