Կայացել է ՏՏԶԱԽ հերթական նիստը
10/12/2010 18:47

Կայացել է ՏՏԶԱԽ հերթական նիստը

Այսօր կառավարությունում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նիստի սկզբում ՏՏԶԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Խորհրդի նոր անդամներին, որից հետո անցում է կատարվել օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը զեկուցել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ի գիտություն ընդունվել է 2009 թ. նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Սան Հոզե քաղաքում կայացած «Արմթեք-2009» երրորդ համաժողովի արդյունքների վերաբերյալ հաղորդումը, ապա քննարկվել են «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման մանրամասներ: Խորհուրդն ի գիտություն ընդունել է նաև ՀՀ էլեկտրոնային կառավարման հայեցակարգի վերաբերյալ զեկույցը:

Մեկ այլ հարցով քննարկվել է հաջորդ սերնդի հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի նախագծման և կառուցման ընթացքը: Անդրադառնալով հնչեցված հարցերին` կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ լայնաշերտ ցանցի նախագծման և կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում, և ՏՏ ոլորտում գործող մի շարք ընկերություններ արդեն հայտ են ներկայացրել ծրագիրն իրականացնելու համար:

Օրակարգի հարցերի շարքում անդրադարձ է արվել էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդրին: Այս կապակցությամբ վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ ոստիկանապետին: Արծարծվել են նաև կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման հետ կապված խնդիրներ, ինչի առնչությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել ՀՀ կառավարության դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:

«Էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի» իրականացման համատեքստում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրել է տարածաշրջանի մյուս երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացման ընդհանուր միտումները:

Նշենք, որ մտքերի փոխանակության ընթացքում Խորհուրդը քննարկել է հայեցակարգի կատարման ընթացքը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանը մշակել համապատասխան փաստաթուղթ հայեցակարգի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների, միջոցառումների ժամանակացույցի և վերահսկողության գործառույթների իրականացման վերաբերյալ: Նիստում արծարծվել են նաև հետագա նիստերի օրակարգի ձևավորման և այլ կազմակերպչական հարցեր:
 

Կայացել է ՏՏԶԱԽ հերթական նիստը