.jpg)
Պետությանը ոչ միայն վերահսկողություն, այլև աջակցություն է պետք
«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցը անմիջականորեն կապված է քաղաքացիական հասարակության ձևավորման հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Բանախոսի հավաստմամբ` ժամանակակից հասարակությունը հասկացել է, որ զուտ պետության կառավարման մեխանիզմների կիրառումը բավարար չէ մարդու իրավունքների լիակատար պաշտպանության համար:
«Մենք շատ լավ օրենքներ ունենք, բայց օրենքներով ապրելն այլ բան է: Պետությունը` որքան վերահսկողության, այնքան էլ աջակցության կարիք ունի»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Այս տեսակետից, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, խիստ կարևոր են հասարակության ինքակառավարման մեխանիզմները, իսկ այդ գործառույթը իրենց վրա պետք է վերցնեն հասարակական, ոչ պետական կազմակերպությունները:
Բանախոսը նաև անդրադարձավ հասարակական կազմակերպությունների հասցեին հնչող մեղադրանքներին, մասնավորապես` «գրանտակեր» գործունեության համար` նշելով, որ հասարակական կազմակերպությունների գործունեության համար բարենպաստ պայմաններ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ ուղիղ 60 տարի առաջ` 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականից` Գլխավոր ասամբլեայի առաջարկով, տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր: