.jpg)
Ինչո՞ւ նոտարներն ու փաստաբանները չեն ցանկանում տեղադրել ՀԴՄ-ներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչների համատեղ քննարկումը (ակումբի շրջանակներում), որին հրավիրված են եղել նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: Քննարկման առարկան եղել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի այն դրույթն է, որի համաձայն նոտարները և փաստաբանները նույնպես պետք է ՀԴՄ-ներ տեղադրեն և կիրառեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից:
Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, հայտնելով, որ նշված օրենքի նախագիծը փաստաբանների համար ընդունելի չէ երեք պատճառներով`
«1. Չի լուծում Օրենքով նախատեսվող նպատակը. 2004թ. ընդունված Օրենքը փաստաբաններին և նոտարներին չէր պարտադրել ՀԴՄ-ներ տեղադրել, չնայած նրան, որ նպատակ ուներ հասույթների վերահսկողություն իրականացնել: Դա տրամաբանական էր, քանի որ նոտարների գործարքները արտացոլվում են սեղանամատյաններում, իսկ փաստաբաններն էլ ցանկացած գործարք իրականացնելիս պետք է պայմանագիր կնքեն: Օրենքի փոփոխությունը որևէ հիմնավորում չի պարունակում, թե ինչու պետք է օրենսդրի դիրքորոշումը հիմա փոխվի:
2.Օրենքի փոփոխությունը ուղղակիորեն վտանգում է փաստաբանի անկախությունը. Փաստաբանների վրա տարածվում են այնպիսի առանցքային արժեքներ, ինչպիսիք են անկախությունը, կոնֆլիկտների բացակայությունը, ազնվությունը և մասնագիտական գաղտնիքի պահպանումը:
Հարկային մարմինը, Օրենքի 11-րդ հոդվածի ուժով իրավասու է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքում 150.000 ՀՀ դրամ տուգանք նշանակել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրկնելու դեպքում` լրացուցիչ տուգանել 300.000 ՀՀ դրամի չափով և նրա գործությունն այդ մասով կասեցնել 5 օրով: Երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը դառնում է 600.000 ՀՀ դրամ, իսկ կասեցման ժամկետը` 10 օր:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հարկային մարմինը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ՀԴՄ-ների կիրառման կանոնները ստուգելու հարցում անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու իրավասություն ունի, այն փաստաբանները, որոնք պետական մարմինների հակառակորդների շահերն են պաշտպանում կարող են հեշտությամբ պրոբլեմներ ունենալ: Վերջիներիս գործունեությունը կարող է կասեցվել, ինչով նրանց վստահորդները կզրկվեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:
3. Օրենքի փոփոխությունը կարող է խախտել փաստաբանական գաղտնիքի իրավունքը: Փաստաբաններին անհանգստացնում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով հարկային մարմնին տրված լիազորությունների կիրառումը փաստաբանների նկատմամբ: Նշված հոդվածի «գ» կետի համաձայն հարկային մարմինները ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին:
Հետևաբար, հարկային մարմնին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով տրված անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու հնարավորությունը (այլ դեպքերում, որպես կանոն թույլատրվում է տարին մեկ անգամ ստուգում կատարել) հաշվի առնելու դեպքում, գործ կունենանք պետական մարմնի կողմից փաստաբանից իր վստահորդների մասին ցանկացած ժամանակ տեղեկատվություն պահանջելու բացասական երևույթի հետ»:
Ըստ աղբյուրի` Արա Զոհրաբյանը նաև դատապարտել է վարչական մարմինների այն գործելակերպը, երբ փաստաբաններին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ փաստաբանների պալատի դիրքորոշումը նախապես չեն հարցնում:
ՀՀ նոտարիատի պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանը միանալով փաստաբանների պալատի ներկայացուցիչների փաստարկներին, հավելել է, որ ՀԴՄ-ների կիրառման դեպքում, իրենք ստիպված են լինելու քաղաքացիներին պետական տուրք վճարելու համար ուղարկել բանկեր, ինչը լրացուցիչ հերթեր և դժգոհություններ է առաջացնելու: