.jpg)
Քննարկվել են Կուր-Արաքս գետերի ավազանի կառավարման խնդիրները
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Կուր-Արաքս գետերի անդրսահմանային ավազանի համալիր կառավարման համար բարենպաստ պայմանների ստեղծում» նախագծի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացվել է տարածաշրջանային երկրորդ խորհրդակցությունը: Այս մասին Aysor.am-ին հայտնեց խորհրդակցության կազմակերպիչ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ՏԲԿ) ներկայացուցիչը:
Նշենք, որ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացնում է ՏԲԿ-ն` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
«Նախագծի նպատակն է Կովկասի 3 երկրների դոնոր կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև կոնսենսուսի միջոցով հետագա քայլերի շուրջ համաձայնության ձեռքբերումը կայուն համագործակցության և կոորդինացիայի ուղղությամբ: Նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային ինստիտուցիոնալ մեխանիզմներ Կովկասի երկրների շահագրգիռ կողմերի համար, այդ թվում` նախագծերի վերահսկման և կոորդինացիայի հարցերով կառույցների, Կուր և Արաքս գետերի անդրսահմանային ավազանի հետագա ինտեգրացված կառավարման համար և Ճանապարհային քարտեզների ընդունում` այդ գետերի ավազանների կայուն կառավարման ոլորտում առաջընթացի գնահատման համար` Եվրոպական շրջանակային ջրային դիրեկտիվների լույսի ներքո»:
Նիստին մասնակցել են Հարավային Կովկասի 3 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կառավարությունների ներկայացուցիչներ, ԵՄ պատվիրակներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՏԲԿ ներկայացուցիչը նշեց, որ տարածաշրջանի շահագրգիռ կողմերի ախատանքային հանդիպումը կազմակերպվել է նախագծի վերջնական արդյունքները ներկայացնելու նպատակով: Մասնավորապես, մշակվել է համառոտ ռազմավարական փաստաթուղթ Կուր-Արաքս գետերի ավազանի ջրային ռեսուրսների համալիր կառավարման մասին, այդ թվում ազգային և տարածաշրջանային ճանապարհային քարտեզների մասին, ինչպես նաև երկրների միջև հետագա համագործակցության ձևաչափի քննարկման ու ավազանի կառավարման համար ինստիտուցիոնալ կառույցի վերջնական տարբերակի քննարկման նպատակով: