.jpg)
ՀՀ-ն կտրականապես դեմ է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելուն
Հայաստանը կտրականապես դեմ է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում` այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով: Այսօր Մոսկվայում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում` հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գագաթաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ»,- ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ` ասել է երկրի ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Աստանայի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ընդունվեց հնգակողմ հայտարարություն:
«Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով»,- ասել է ՀՀ Նախագահը, ապա հիշեցրել, որ Ռուսաստանի Նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը Աստանայում հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը:
Երկրի ղեկավարը նաև շնոռհակալություն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանև մասնակցող Նուրսուլթան Նազարբաևին` Աստանայի գագաթնաժողովի հիանալի կազմակերպման և այս կարևոր կազմակերպության գործունեությանը նոր խթան հաղորդելուն ուղղված մեծ ջանքերի համար: «Աստանայում անցկացված գագաթաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը, նրա ձևաչափում խոր և որակական քննարկումների անհրաժեշտությունը»,- ընդգեծել է ՀՀ նախագահը: