ՀԱՊԿ ներուժը կիրականացվի ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում
10/12/2010 22:35

ՀԱՊԿ ներուժը կիրականացվի ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում

Այսօր ՌԴ մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում փոփոխություններ են կատարվել կազմակերպության պայմանագրում ու կանոնադրության մեջ: Այս փոփոխություններին իր ելույթում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլև կարգավորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև Կազմակերպության փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումը: Նա հիշեցրել է, որ Ղրղզստանում այս տարվա գարնան-ամռան ողբերգական իրադարձություններն ի հայտ բերեցին իրավական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետ կապված օպերատիվ որոշում կայացնելու հնարավորությունը:

«Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայությունը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մեկտեղ, թույլ կտա ապահովել Կազմակերպության ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում` չթողնելով, որ այն անցնի ակտիվ փուլի»,- իր ելույթում ասել է Հանրապետության նախագահը:

Նա կարևորել է այսօրվա նստաշրջանում ընդունված` գործող իրավական բազայի կատարելագործմանն ուղղված այն փաստաթղթերի փաթեթը, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և գործարկման կարգավիճակն ու հաջորդականությունը, ինչպես նաև դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը:

«Այն հատկապես կարևոր է արագ արձագանքման հավաքական ուժերի լիարժեք գործարկման ապահովման լույսի ներքո: Իսկ դա, իր հերթին, մեծացնում է ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ Խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարևորությունը, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գծով»,- նշել է Ս. Սարգսյանը:

Ելույթի վերջում ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ կազմակերպության անդամ երկրների հետագա ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը:

 

ՀԱՊԿ ներուժը կիրականացվի ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում