.jpg)
Ադրբեջանում ընդդիմադիրները ենթարկվում են քաղաքական բռնությունների
Ադրբեջանում դեռ շարունակվում են պատգամավորության նախկին ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հետապնդումներն ու բռնությունները: Նախիջևանում ոստիկանությունը ապօրինաբար ներխուժել է ընդդիմադիր թեկնածուներից մեկի եղբոր` Չապայ Ալիևի բնակարան: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները ուղղակիորեն ջարդ են կազմակերպել նախկին թեկնածուի եղբոր բնակարանում` ծեծելով նախ տան տիրոջը, նրա քրոջը, քրոջ ամուսնուն, ինչպես նաև` այդ պահին տանը գտնվող բարեկամներին: Դրանից հետո ոստիկանությունը տան տիրոջը պատկանող խանութը հողին է հավասարեցրել բուլդոզերների միջոցով:
Թեկնածուի եղբայրը և քույրը ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, ըստ աղբյուրի, հայտարարել է, որ իրենք Նախիջևանում կատարվածի համար պատասխանատու չեն, և դա զարմանալի չէ. նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել քաղաքական հետապնդման, ագրեսիայի ու սեփական քաղաքացիների նկատմամբ պետական ահաբեկչության համար: