.jpg)
Եհովայի վկաները հարված են հասցնում ՀՀ կարևոր կառույցներին
«Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պարտավոր է իր պարտքը կատարել հայրենիքին` ծառայելով Զինված ուժերում: Եվրոպայի խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ընտրության հնարավորություն, պարտադրել է Հայաստանին ընդունել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք, իսկ այն ընդունելուց հետո աղանդավորներից միայն մեկն է մեկնել այլընտրանքային ծառայության` այսինքն ծառայություն առանց զենքի, իսկ 24-ն անցել են քաղաքացիական ծառայության` հիվանդանոցներում` սպասարկման ոլորտում աշխատելու համար»,- այս մասին ասուլիսում լրագրողներին հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Ամարյանի խոսքերով` վկաներին, սակայն, այդ «զիջումն էլ» չի բավարարում և նրանք հրաժարվում են նաև այդ ծառայությունից` պատճառաբանելով, որ վերահսկվում են զինկոմիսարիատների կողմից: «Այդ որոշումից հետո դեռ ոչ մի Եհովայի վկա չի ծառայել, այլ նախընտրել է կալանքը, որտեղ իրենց լավ պայմաններ են ապահովում: Եհովայի վկաներն արդյունքում չեն ընդունում նույնիսկ իրենց համար նախատեսված այլընտրանքային ծառայությունը, և այս դեպքում օրենքը չի գործում»,- ասաց Ա.Ամարյանը և հավելեց, որ ստացվում է այնպես, որ Հայաստանում ընդունվել է օրենք, որը ոչ մեկին պետք չէ:
Ասուլիսին ներկա հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ իր հերթին նշեց, որ Եհովայի վկաների այսպիսի վարքագիծը վկայում է, որ նրանք ցանկանում են դեմ լինել այն ամենին, ինչը կապված է պետության հետ:
«Եհովայի վկաների գիտակցությունն այնքան է վերահսկված ներքին ուժերի կողմից, որ նրանք օտարվել են ամեն ինչից` սկսած իրենց մտերիմ մարդկանցից: Սրանք խեղված ճակատագրեր են, և, ինչպես տեսնում ենք, աղտահարում են ողջ հասարակությունը` թիկունքից հարված հասցնելով պետական այնպիսի կարևոր կառույցներին, որոնցից կախված է մեր ամբողջ երկրի պաշտպանությունը»,- կարծիք հայտնեց Կ. Նալչքաջյանը: