ԵՄ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս կազմել մաքսային միավորումներ
11/12/2010 14:19

ԵՄ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս կազմել մաքսային միավորումներ

«Հայաստանը մուտք ունի GSP+ համակարգին, քանի որ միացել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիաներին և շատ կարևոր է, որ Հայաստանն այդ կոնվենցիաները իրոք իրականացնի, որպեսզի մնա GSP+ համակարգում»,- այսօր Երևանում մեկնարկած «Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:

Նա նշեց, որ Եվրամիությունը սովարաբար արտահանման խթանումով չի զբաղվում, սակայն միշտ ստեղծում է հնարավորություն դրա համար: Ռ. դե Լուցենբերգերի խոսքով, ԵՄ-ն ամբողջ աշխարհի երկրներին առաջարկել է նախընտրման համակարգը, որի շրջանակներում նվազեցվում են տուրքերը` թույլ տալով 3-րդ երկրի աշխարհներից տնտեսական գործընկերներին արտահանել ԵՄ ավելի դյուրին կերպով: Հայաստանին առաջարկվել է նախընտրման համակարգի ավելացված փաթեթ, որով ապրանքների շատ լայն տեսականու համար մոտ տուրքերը հասցվում են 0-ի:

Ռ. դե Լուցենբերգերը նշեց, որ կիրառվում են նաև առևտրի օժանդակման տարբեր միջոցներ` սահմանային կառավարման նոր ծրագիր է իրականացվում, ԵՄ-ն օգնում է Հայաստանի մաքսային համակարգին բարելավել ծառայությունները, պարզեցնել գործընթացները և նվազեցնել կոռուպցիան: ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ հետազոտություն է կատարվել և որոշվել է, որ ԵՄ-ն և ՀՀ-ն կարող են ունենալ երկկողմանի առևտրային փաթեթ, քանի որ GSP+-ը միակողմանի է:

«Հայաստանը պետք է շատ լուրջ աշխատի, որ համապատասխանի ԵՄ չափանիշներին, բարելավի երկրում բիզնես մթնոլորտը: Առաջարկում ենք լիովին ինտեգրվել եվրոպական շուկային և արտահանել Եվրոպա սեփական արտոնագրերի և փաստաթղթերի հիման վրա, ինչպես ԵՄ երկրները: Սա շատ հավակնոտ ծրագիր է և կարող է իմաստ ունենալ, եթե Հայաստանը կենտրոնանա արտահանման վրա»,- շեշտեց Ռ. դե Լուցենբերգերը:

Ըստ նրա, քանի որ Հայաստանի ներքին շուկան մեծ չէ, հատկապես հարևանների հետ համեմատած, ապա առանց ռուսական շուկան կորցնելու նաև եվրոպական շուկայի մեջ ինտեգրվելու հնարավորությունը պետք է ոգևորի օտարերկրյա ներդրողներին:

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորեց զարգացման առաջնահերթ ներուժ ունեցող ոլորտների ընտրությունը, քանի որ բնական ռեսուրսները քիչ են և հնարավոր չէ մեծ ծավալ ապահովել: Նրա համաձայն` հարկավոր է շեշտը դնել մարդկային ռեսուրսների վրա:

Միաժամանակ, Ռ. դե Լուցենբերգերը ընդգծեց հարևանների հետ մաքսային միավորումներ կազմելու անհրաժեշտությունը, մասնավորապես` մատնանշելով Վրաստանը:

Նշենք, որ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+) Հայաստանը հնարավորություն ստացավ օգտվել 2009 թ. հունվարի 1-ից: Նախկինում Հայաստանը օգտվում էր միայն GSP-ից: Ներկայումս համակարգից օգտվում է 16 երկիր։ Այս համակարգը Հայաստանի համար կգործի մինչև 2011 թ.: GSP+-ը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին տեղական ծագման շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։

ԵՄ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս կազմել մաքսային միավորումներ