.jpg)
ՀՀ արդյունաբերական նոր քաղաքականությունը կդրվի շրջանառության մեջ
ՀՀ արդյունաբերական նոր քաղաքականությունը վերջնական տեսքի է բերվում և շուտով պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» թեմայով կոնֆերանսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
«Մենք պետք է կարողանանք վերափոխվել և աստիճանաբար ձեռքբերել զարագացած երկրներին հատուկ տնտեսական վարք, որովհետև միայն այդ դեպքում կարող ենք այդ շուկաներում ապրանքներ վաճառել»,- ասաց Ն. Երիցյանը` այդ առումով կարևորելով տնտեսության դիվերսիֆիկացիան և դրա արդյունքում արտահանելի հատվածների բացահայտումն ու դրանց աճի նպաստումը:
Գաղափարախոսությունն իրականացնելու տեսակետից նախարարն ընդգծեց 2 հայեցակարգերը` բիզնես միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և ԵՄ հետ համապարփակ և ամբողջական ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, կամ այլ խոսքերով` միջազգային ներդրողների և միջազգային ընկերությունների համար հասկանալի բիզնես ներդրումային միջավայրի ստեղծումը, ներառյալ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրումը, և զարգացած շուկաներում ապրանքներ վաճառելու ունակությունը:
Ն. Երիցյանի համաձայն` կոնկրետ քաղաքականություն է հարկավոր իրականացնել նաև միկրոմակարդակում, մասնավորապես` բացահայտել արտահանման կարողություններ ունեցող ձեռնարկություններին և նպաստել դրանց զարգացմանը, ինչպես նաև միջազգային ընկերություների, հատկապես վերազգային ընկերությունների մուտքը Հայաստան, որը թույլ կտա ապահովել գիտելիքների և տեխնոլոգիաների մուտքը երկիր: Շեշտելով, որ տեղական շուկան փոքր է, Ն. Երիցյանը նշեց, որ միայն մեր շուկայի համար արտադրելը չի կարող ապագա ունենալ, և այդ պատճառով նպատակը պետք է լինի արտահանումը:
«Արտասահմանյան շուկաները Հայաստանի համար անսահմանափակ պահանջարկի հնարավորություն են ստեղծում»,- ասաց նա: