16 միլիոն դրամ` «Արցախ Ուղի» ծրագրի իրականացման համար
12/01/2011 18:45

16 միլիոն դրամ` «Արցախ Ուղի» ծրագրի իրականացման համար

Այս տարվանից ուժի մեջ կմտնի 2010 թ. դեկտեմբերի 29-ին Հայ-բրիտանական միության (ABC -Armenian-British Connect) և AEG Service ՍՊԸ-ի միջև կնքված համաձայնագիրը` «Արցախ Ուղի» ծրագրի համատեղ իրականացման մասին:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրել են Հայ-բրիտանական միության նախագահ Հայկ Հարությունյանն ու AEG Service ՍՊԸ-ի տնօրեն Իշխան Կարապետյանը:

Համաձայն պայմանագրի` AEG Service ՍՊԸ –ն 16 միլիոն դրամ (մոտ 44 000 ԱՄՆ դոլար) է տրամադրելու` Հայ-բրիտանական միության կողմից կրթության, մշակույթի և տնտեսության ոլորտի բարեփոխումների իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է ABC -Armenian-British Connect-ի պաշտոնական կայքը:

«Ծրագիրն նպատակը Արցախի կրթության, մշակույթի և տնտեսության բարգավաճումն է, նրա միջազգային վարկի բարձրացումը` մարդկային զարգացման համար մասնագիտական կարողությունների ստեղծման, միջմշակութային երկխոսության աջակցության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և քաղաքացիական հասարակության մեջ ունակ ուժերի ներգրավման միջոցով»,- գրված է կայքում:

Հայ-բրիտանական միությունն իր մասնաճյուղն է ստեղծելու Ստեփանակերտում. գրասենյակը զբաղվելու է Արցախում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ, Արցախում ոչ կառավարական կազմակերպությունների ներուժի բարձրացմամբ, ծառայելու է` որպես տեղեկատվական և ռեսուրս կենտրոն կրթական և մասնագիտական խորհրդատվության ու աշխատանքի տեղավորվելու, ինչպես նաև` անվճար լեզվի դասերի բնագավառներում:
 

16 միլիոն դրամ` «Արցախ Ուղի» ծրագրի իրականացման համար