.jpg)
Փոխվարչապետն այցելել է Հայաստանի ազգային արխիվի ստորաբաժանումներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվի Երևանում գտնվող ստորաբաժանումներ: Մ. Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 2 մասնաշենքում նա Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ ծանոթացել է արխիվի հասարակական-քաղաքական բաժնի և Երևանի քաղաքային մասնաճյուղի շենքային պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Ա. Գևորգյանին ներկայացվել է մի քանի օր առաջ շահագործման հանձնված օդաորակման համակարգը, որը մշտական կայուն ջերմաստիճան կապահովի արխիվի պահոցներում` հնարավորություն ընձեռելով պատշաճ կերպով իրականացնել փաստաթղթերի պահպանությունը: Այս մասնաշենքում շուտով շահագործման կհանձնվեն շարժական դարակաշարերով նոր արխիվապահոցներ, որտեղ հնարավոր կլինի պահպանել 50 հազար արխիվային գործ: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ա. Գևորգյանը եղել է նաև Արխիվի Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող փաստաթղթերի մասնաճյուղում, որտեղ պահպանվում են հայկական առաջին ֆիլմից` «Նամուս»-ից սկսած մինչև վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը: Ստորգետնյա արխիվապահոցներում կինոնկարների ժապավենների անխաթար պահպանման համար վերջին տարիներին ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ: Նշվեց, որ պետբյուջեի միջոցներով 2008թ. ձեռք է բերվել համակարգչային նոր տեխնիկա, ֆիլմեր թվայնացնող սարքավորում, և 2009-10թթ. թվայնացվել է մասնաճյուղում պահպանվող 2000 հայկական վավերագրական ֆիլմերից 500-ը:
Փոխվարչապետը դիտել է նաև թվայնացված «Հայկական աչքեր» ֆիլմը, ծանոթացել ժապավենի մաքրման և ստուգման, լուսանկարների վերականգնման նոր տեխնոլոգիաներին: Ա. Գևորգյանին ներկայացվել է մասնաճյուղի զբաղեցրած հողամասի գլխավոր հատակագծի խնդիրը: Փոխվարչապետն առաջարկել է սեղմ ժամկետներում խնդիրը կարգավորել Երևանի քաղաքապետարանի հետ և խոստացել, որ հարցը կլինի իր ուշադրության կենտրոնում:
Ազգային արխիվի գլխավոր մասնաճյուղում Ա. Գևորգյանին է ներկայացվել պետբյուջեի միջոցներով 2010թ. վերակառուցված արխիվապահոցները, որտեղ տեղադրված են նոր շարժական դարակաշարեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել 300 հազարից ավելի արխիվային գործ:
Շրջայցին հաջորդած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվել է 2010 թ. կատարված աշխատանքները և 2011-ի անելիքները: Նշվել է, որ անցած տարի արխիվի տարբեր մասնաճյուղերում իրականացվել է 103 մլն դրամի կապիտալ ներդրում: Տարեցտարի աճում է դիմողների թիվը: 2010թ.դիմել է ավելի քան 25 հազ. քաղաքացի` նախորդ տարվա 24 690-ի դիմաց: Նրանց տրամադրվել է անհրաժեշտ տեղեկություն: Աճել է նաև ուսումնասիրողների թիվը. անցած տարի արխիվի ընթերցարանում աշխատել է 420 հետազոտող` նախորդ տարվա 350-ի դիմաց: Նրանց հիմնականում հետաքրքրել են իրենց տոհմի, համայնքի պատմությանը վերաբերող նյութեր: 2010թ. շարունակվել են աշխատանքները փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ: Շուտով բարերարի նվիրաբերած գումարով կգնվի նոր, արդիական թվայնացնող սարքավորում, որը հնարավորություն կտա կտրուկ ավելացնել փաստաթղթերի թվայնացման ծավալները:
Տեղեկացվել է, որ 2011 թ. շարունակվելու է արխիվի ժողովածուների հրատարակումը, որը հնարավորություն կտա արխիվում պահվող արժեքավոր փաստաթղթերը մատչելի դարձնել հասարակությանը: Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվելու համացանցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդլայնմանը, շարունակվելու է արխիվապահոցների վերազինումը, ինչպես նաև արտերկրի արխիվներում պահպանվող հայ ժողովրդի պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճենների ձեռքբերումը և տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս հարցում Ա. Գևորգյանն առաջարկել է համագործակցված աշխատել ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ:
Նա նաև հանձնարարել է աշխատանքները կազմակերպել ժամանակի պահանջներին համապատասխան, կատարել արխիվի կառուցվածքի բարեփոխում, որը պետք է ծառայի կառույցին առաջադրվող պահանջներին:
Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս Ազգային արխիվը պատշաճ կերպով կիրականացնի ծրագրված աշխատանքները: Նա առանձնակի կարևորել է աշխատակիցների կողմից քաղաքացիների հանդեպ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքը, մերժման դեպքումª հիմնավորման ապահովումը: