Արթուր Բաղդասարյանն ամփոփեց 2010-ը. Այս տարի ևս անելիքներ շատ կան
12/01/2011 16:48

Արթուր Բաղդասարյանն ամփոփեց 2010-ը. Այս տարի ևս անելիքներ շատ կան

ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` Հայաստանի անվտանգության համակարգի համար 2010-ը բեղմնավոր տարի է եղել: «Էականորեն բարձրացվել է ՀՀ անվտանգության ապահովման մակարդակը, մշակվել և իրականացվել են լուրջ քայլեր և ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի Հայաստանը 2011 թվականին զարգանա առավել անվտանգ ու ապահով»,- ասաց ԱԱԽ քարտուղարը` անցած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Ա. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում կայացել է ԱԱԽ 6 նիստ, քննարկվել է երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովմանն առնչվող կենսական նշանակություն ունեցող 15 հարց: Մասնավորապես` խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015 թթ. զարգացման պետական ծրագիրը», որը ԱԱԽ քարտուղարի գնահատմամբ` լուրջ քայլ է Հայաստանի անվտանգության հնարավոր ռազմական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:

ԱԱԽ քարտուղարը կարևորեց «Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանների համալիր կառավարման ռազմավարության» ընդունումը, ինչը, նրա բնորոշմամբ, հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները:

Ա. Բաղդասարյանը հիշատակեց նաև 2010 թվականին «Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի» ընդունումը` նշելով, որ այն հնարավորություն կտա բարելավել Հանրապետության սեյսմիկ անվտանգության մակարդակը` հաշվի առնելով հարևան երկրներում անցած տարվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի և բնական այլ աղետների արդյունքները:

Ըստ ԱԱԽ քարտուղարի` նշված և այլ ծրագրերը կարևոր նշանակություն ունեն սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ: Նա նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու նաև անվտանգության համակարգի ենթակառուցվածքների` ԶՈՒ և բանակի, մակարդակի բարելավման ուղղությամբ, հայտնելով, որ այդ ոլորտում 2011 թվականին լուրջ բարեփոխումներ են անցկացվելու:
 

Արթուր Բաղդասարյանն ամփոփեց 2010-ը. Այս տարի ևս անելիքներ շատ կան