Անսպասելի և զանգվածային թռչնանկումը պարզաբանումների կարիք ունի
12/01/2011 17:52

Անսպասելի և զանգվածային թռչնանկումը պարզաբանումների կարիք ունի

Դեկտեմբեր ամսին ահազանգեր էին ստացվում Ամերիկայից, եվրոպական մի շարք երկրներից, ինչպես նաև` մեր տարածաշրջանից` մասնավորապես Թուրքիայից, թռչունների զանգվածային, անհասկանալի և անսպասելի անկման մասին: Թռչունների անկումը շարունակվեց նաև հունվարին: Հունվարի 7-ին ահազանգ ստացվեց Իտալիայից, որտեղ ֆաենցա քաղաքում միանգամից մի քանի հարյուր տատրակներ սատկեցին: Հակասական մեկնաբանություններն այդպես էլ չեն պարզաբանել իրավիճակը:

«Հայաստանում նման իրավիճակ դեռ չի գրանցվել»,- Aysor-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի մի շարք երկրներում թռչունների զանգվածային անկման վերաբերյալ հնչող վարկածներին, ըստ որոնց, զանգվածային անկման պատճառ կարող են լինել թունավորված կերը, կերային թափոնները և այլն, Սիլվա Ադամյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականության:

«Միանշանակ` անկումը կապված չէ կերի հետ»,- շեշտեց մասնագետը և հավելեց, որ դա անհավանական է աշխարհագրական նման սփռվածության պայմաններում:

Ըստ Ս. Ադամյանի` տարբեր երկրներում վայրի թռչունների զանգվածային անկման դեպքերը կապված են գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ, որոնց ենթարկվում է շրջակա միջավայրը:

«Թռչունների չուի անցման ուղիները չեն փոխվում` անկախ նրանից` կլիման փոխվե՞լ է, թե՞ ոչ»,- շեշտեց Սիլվա Ադամյանը և հավելեց, որ թռչուններն իրենց ճանապարհներին կլիմայական փոփոխությունների բերումով հանդիպում են խոչընդոտների, որոնք կարող են անկման պատճառ դառնալ:

Մասնագետը օրինակ բերեց հայաստանյան արագիլներին, որոնք մնացել են ձմեռելու, և ընդգծեց, որ արագիլները Հայաստանից չեն չվում ոչ թե կերի առատության, այլ Հայաստանում դիտվող կլիմայական փոփոխությունների պատճառով:

«Հայաստանի թռչունների պահպանման միության» տնօրեն Մամիկոն Ղասաբյանը չբացառեց ցուրտ ձմռան պատճառով թռչունների զանգվածային անկման հնարավորությունը:

«Անհասկանալի բան է տեղի ունենում: Չե՞ն կարողանում անկման պատճառը բացատել, թե՞ չեն ցանկանում»,- ընդգծեց Մամիկոն Ղասաբյանը և հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանում ցուրտ ձմռան պատճառով գրանցվել է կաքավների զանգվածային անկում:
 

Անսպասելի և զանգվածային թռչնանկումը պարզաբանումների կարիք ունի