Հայկական ՏՀՏ ընկերությունները պատրաստվում են CeBIT 2011-ին
12/01/2011 17:15

Հայկական ՏՀՏ ընկերությունները պատրաստվում են CeBIT 2011-ին

Թվային տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն ցուցահանդես CeBIT 2011-ն այս տարի տեղի կունենա մարտի 1-5-ը` Գերմանիայի Հաննովեր քաղաքում: Ինչպես Aysor.am-ին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանը, միությունը սկսում է գրանցել մասնակցել ցանկացող հայկական ընկերություններին: Ցուցակը պատրաստ լինելուց հետո, այն ներկայացվելու է ՀՀ կառավարություն:

Հիշեցնենք, որ անցած տարի հայկական պատվիրակությունը չէր մասնակցել աշխարհի խոշորագույն ՏՀՏ ցուցահանդեսին` ֆինանսավորման բացակայության պատճառով: Մինչդեռ, CeBIT 2010-ին մասնակցել են 4157 ընկերություն 68 երկրից, իսկ այցելուների թիվը հասել է 334 հզ.` 83 երկրից:

«Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի առաջատար դերակատարները և ներկայացնում են նորագույն լուծումները պետական կառավարում, առողջապահություն, կրթություն, թվային ապագա և այլ ոլորտներում: Սա շատ լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար և իմանալու, թե ուր է շարժվում համաշխարհային տնտեսությունը»,- ասաց Վ. Հովսեփյանը:

Նա նշեց, որ հայկական պատվիրակության անդամներին նախատեսվում է նաև ֆինանսական աջակցություն, որը, սակայն, կարող է հաստատվել ԻՏՁՄ պետական, մասնավոր հատվածների, ինչպես նաև միջազգաին գոչծընկերների հետ բանակցություններից հետո:

CeBIT 2011 ցուցահանդեսը իր մեջ կներառի 4 ուղղություններ` CeBIT Pro-Պրոֆեսիոնալ և իննովացիոն ՏՀՏ լուծումներ բիզնեսի բոլոր հատվածների համար, CeBIT Lab-Research and Development for Innovative ICT` Ապագան սկսվում է այսօր,
CeBIT Life` ՏՀՏ Լուծումներ սպառողների համար, CeBIT Gov` ՏՀՏ Լուծումներ հանրային և պետական հատվածի համար: Ցուցահանդեսի շրջանակներում կկայանա CeBIT Global Conference, որտեղ աշխարհի թվային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում` Microsoft International նախագահ Ժան-ՖիլիպԿուրտոն, Telefonica Europe ղեկավար Մեթյու Քեյը, Ford Motor Company ղեկավար Ալան Մւլլալը, Capgemini ղեկավար Պոլ Հերմելին, IBM, Intel, Google, Eset, Deutsche Post, Kaspersky Lab, Fujitsu, Mozilla, Geocoachinc, Dell, Yahoo, Opera, XING, Lockergnome, Yelp, Paypal, Qype ղեկավարները կներկայացնեն ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարները և նորագույն տեխնոլոգիական լուծումները:

Հայկական ՏՀՏ ընկերությունները պատրաստվում են CeBIT 2011-ին