.jpg)
Ջրծաղիկ հիվանդության դեպքերը դեկտեմբերից հետո նվազել են 5 անգամ
2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում գրանցվել է ջրծաղիկով հիվանդացության դեպքերի սեզոնային ակտիվացում, սակայն, ինչպես Aysor-ին հաղորդեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, դեկտեմբերի կեսերից սկսած` մինչ այժմ, գրանցվել է ջրծաղիկով հիվանդացության դեպքերի նվազում` 5 անգամ:
«Ջրծաղիկ հիվանդության ակտիվացում ունեինք աշնան վերջին, սակայն դեկտեմբերի կեսից սկսած` նվազում է դիտվում»,- ասաց մասնագետը և հավելեց, որ ջրծաղիկով հիվանդացել են, հիմնականում, նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:
Ըստ նրա` ջրծաղիկի դեպքում առաջարկվում են ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ` երեխաներին դպրոց չուղարկել, բժիշկ կանչել, մեկուսացնել հիվանդին, ապահովել սենյակի օդափոխությունը:
«Մանկապարտեզներն ու դպրոցները հսկողության տակ են»,- շեշտեց Լիլիթ Ավետիսյանը:
Նշենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որի գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանով: