Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Դորու Կոստեայի հետ
12/01/2011 18:48

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Դորու Կոստեայի հետ

Հունվարի 12-ին Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեան (Doru Romulus Costea) ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաև եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման և կապերի խորացման առումով:

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում առկա կապերի և հնարավորությունների լիակատար օգտագործումը և համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում գործող մեխանիզմները, մասնավորապես` հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովը, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաև մարդկային այն հարուստ ներուժը` ի դեմս ռումինահայերի, որ դարեր ի վեր կռել է երկու ժողովուրդների միջև խոր բարեկամությունը և փոխադարձ համակրանքը:
 

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Դորու Կոստեայի հետ