13/01/2011 16:34
«Մարդակենտրոն ենք դարձել, մոռացել ենք տիեզերքի մասին»
Այսօր աշխարհում տեղի ունեցող կատակլիզմները, հիմնականում, կապված են մարդկային գործոնի հետ: 1899 թ.-ին աշխարհում կար 30 մլն կենդանի, այժմ` 15 մլն: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
«Մենք ավերում ենք գրեթե ամեն ինչ, անտառները վերացնում ենք: Մարդակենտրոն ենք դարձել, մոռացել ենք տիեզերքի մասին»,- շեշտեց աստղաբանը և հավելեց, որ կատակլիզմները պայմանավորված են նաև մագնիսական դաշտի փոփոխությամբ:
Աստղաբանի խոսքերով` կաթնասուն ձկների` ափ նետվելը պայմանավորված է հենց այդ փոփոխություններով. դարերով ձկները շարժվել են երկրի մագնիսական հոսանքների հետ և այժմ էլ լողում են նույն ուղղությամբ, սակայն արդյունքում հայտնվում են ցամաքում:
Ըստ նրա` մագնիսական հոսանքների փոփոխություների հետ է կապված նաև վերջին շրջանում տարբեր երկրներում գրանցված թռչունների զանգվածային անկումը:
«Իրականում, թռչունների անկումը շատ մեծ չափերի է հասնում»,- շեշտեց Գուրգեն Հովհաննիսյանը և հավելեց, որ անկման դեպքեր գրանցվում են նաև հեռավոր վայրերում, անտառներում` հեռու մարդկային աչքից, և այդ տեղեկություն չի հասնում հասարակությանը: